Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին, Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Քննության վարկածի համաձայն` Ռուսաստանում ապրող հայազգի Խաչատուրյան քույրերը հարձակվել էին հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին, նրան դանակի 38 հարված էին հասցրել։ Հարցաքննության ընթացքում աղջիկները խոստովանել են իրենց մեղքն ու ասել, որ «նրանց հարաբերությունները հոր հետ անբարյացակամ էին, քանի որ նա երկար ժամանակ իրենց տառապանքներ է պատճառել»։ Ավելի ուշ` միջնեկ քույրը` 18 տարեկան Անգելինան հայտնել էր, որ հայրը պարբերաբար ծեծում էր նրանց ու սեռական ոտնձգություններ անում։
Աղջիկների մայրը, ով ազգությամբ հայ չէ և որոշ ժամանակ առաջ հեռացել է տնից, չի հավատում, որ իր դուստրերը կարող են նման բան անել և պնդում է, որ ամուսինն իրոք բռնապետ էր։ Ի հակադրություն նրա, Խաչատուրյան քույրերի ավագ եղբայրը, ով տարիներ առաջ հեռացել էր տնից և առանձին էր ապրում, հորը բարեպաշտ քրիստոնյա է համարում և մեղադրում քույրերին, որոնց հայրը փորձել է խիստ դաստիարակություն տալ։