Խախտումները շարունակվում են․ 18 տարեկան Դավիթ Մինասյանի փաստաբանն ահազանգում է

Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է, որ մինչ այս պահը չեն ստացել քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին բողոքի պատասխանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Քննիչը դեռ չի տրամադրել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով բոլոր նյութերը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Մարտի 11-ին փաստաբանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
«Շարունակվում են խախտումները։ Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը` այն սահմանելով այսօր` մինչև ժամը 14:00-ն։ Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին ապրիլի 11-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը»,- գրել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։