Գագիկ Ծառուկյանի փաստաբանները 2 դիմում են ներկայացրել ՄԻԵԴ
19:36 25.08.2026 (Թարմացված է: 19:49 25.08.2026)

© Sputnik / Алексей Витвицкий
/ Բաժանորդագրվել
Փաստաբանները նշում են, որ քրեական արդարադատության համակարգն օգտագործվել է քաղաքական հակառակորդին մեկուսացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները երկու դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին նրանք հայտարարություն են տարածել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Նշվում է, որ գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման հարցեր։
«Դրանք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպես նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը»,– ասված է հայտարարությունում։
Փաստաբանները նշում են, որ քրեական արդարադատության համակարգն օգտագործվել է ոչ թե օրինական քրեաիրավական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու և հանրային ու քաղաքական գործունեությունից հեռացնելու համար։
«Երկու գանգատներով էլ ՄԻԵԴ-ից խնդրել ենք դրանց տրամադրել առաջնահերթություն՝ դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնին համապատասխան։ Գանգատները վերաբերում են կոնվենցիայի հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ անձի ազատությանը, ինչպես նաև պետական իշխանության կողմից քրեական հետապնդման մեխանիզմների քաղաքական նպատակով չարաշահմանը»,– նշվում է հայտարարությունում։
Նրանք հավելում են, որ գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի անհատական իրավունքներին, այլ նաև Հայաստանում քրեական արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։