2020-ի օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագմամբ ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել են:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:
Նրանցից 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ևս մահացել են, 1 պացիենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։ Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ կրկին նույն ախտանշաններով։ Նրանք ևս մահացել են:
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:
ՔԿ տվյալներով` նա վաճառել է 30 լիտր ալկոհոլային խմիչք, որի հայտնաբերման ու գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում: