Բոլոր փուչիկները տրաքելու են, Ծառուկյանին արդարացնելու են․ Գագիկ Ծառուկյանը՝ դատարանում
17:40 04.11.2026 (Թարմացված է: 17:59 04.11.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Ծառուկյանը պահանջեց Հաջիալի և Էրֆան Օլամային բերել դատարան, որ պարզվի` նրանց վկայությունը սուտ է։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ դատական քննության ընթացքում իր դեմ ներկայացված մեղադրանքները կհերքվեն, և ինքն ի վերջո կարդարացվի։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
«Հանրային մեղադրողները իրենք լիարժեք կտեսնեն դատական պրոցեսներում, որ սաղ փուչիկները տրաքելու են, Ծառուկյանին արդարացնելու են»,– ասաց նա։
Ծառուկյանի պնդմամբ՝ գործով առկա են իր օգտին վկայող ապացույցներ, այդ թվում՝ փորձագիտական եզրակացություններ և ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ։
«Նա ասում ա՝ չի ստորագրել, փորձագետները ապացուցում են՝ ի՛նքն ա ստորագրել։ Ասում ա՝ ինքը փող չի դրել, իրանք խոստովանում են, ասում են՝ այո՛, մենք քո փողերը կտանք, պարոն Ծառուկյան, ապահով ձեռքերում է»,– հայտարարեց Ծառուկյանը։
Դիմելով դատարանին` Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է ցանկացած որոշման, քանի որ իրեն արդար է համարում։
«Որոշողը դուք եք, ոնց ցանկանաք, ոնց արդարացի կլինի, որոշումը կայացրեք, ես պատրաստ եմ։ Ամբողջ ազգն ու հանրությունը գիտեն, որ Ծառուկյանն ինչ ասի՝ իրականություն է։ Սազական էլ չի ինձ, որ էս երկար տարիների փորձին ու ամբողջ աշխարհով մեկ բարի համբավիս, որ թույլ տամ մի ստորակետ իրականությանը չհամապատասխանի։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Չորս ամիս անընդմեջ անազատության մեջ եմ, ու ինձ ուժ է տվել, որ գիտեմ, որ ես արդար եմ։ Արդար եմ ոչ միայն ասելու համար, այլև հանցանքի, հանցակազմի նշույլ չկա։ Եթե դա լինի, ամենածանր պատի՛ժը տվեք, հարգելի՛ հանրային մեղադրողներ»,– ասաց Ծառուկյանը։
Այուհետև ԲՀԿ առաջնորդը մանրամասն ներկայացրեց գործի դրվագները և հավելեց, որ Հաջիալի և Էրֆան Օլամայինը պետք է գան դատարան, սակայն, ըստ նրա, վախենում են, քանի որ պատասխանատվության կարող է ենթարկվել սուտ վկայության համար։
Ծառուկյանն անդրադարձավ նաև Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի նախագծին՝ նշելով, որ նույնիսկ անազատության մեջ շարունակում է մտածել դրա ավարտի մասին։ Նրա համոզմամբ՝ արձանի բացումը կարող է միլիոնավոր զբոսաշրջիկների ներգրավել Հայաստան և զգալի տնտեսական օգուտ բերել երկրին։
«Դա մեր երկրին ավելի մեծ ճանաչում կտա, մեր ժողովրդի կյանքը կփոխի, կհարստանա, ավելի բարեկեցիկ կյանքով կապրեն»,– շարունակեց Ծառուկյանը։
Ավելի վաղ հայտնել էիք, որ հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։