Ինչ հարցեր քննարկվեցին Գագիկ Ծառուկյանի գործով առաջին նիստի ժամանակ
17:48 15.10.2026 (Թարմացված է: 17:49 15.10.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ նրա խափանման միջոցը փոխել–չփոխելու հարցը չքննվեց։
Նիստի սկզբում դատախազ Լիանա Մարկոսյանը միջնորդեց հեռացնել գործից Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին, որին դեռ հուլիսի 22-ին քննիչն էր որոշել վարույթից հեռացնել։ Բողոքարկման արդյունքում դատարանը ոչ իրաչափ համարեց քննիչի այդ որոշումը։
«Քննիչը որոշել էր, հարցը բողոքարկվել էր, դատարանը վերականգնել է։ Դա հասկացանք, բայց զուտ բովանդակային առումով կա՞ որևէ հանգամանք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ»,– նշեց դատավոր Մանվել Շահվերդյանը։
Մարկոսյանը որպես հիմք ներկայացրեց այն, որ Երեմ Սարգսյանը կարող է որպես վկա լինել, բայց դատավորը շեշտեց` վարույթից ազատելու հիմքեր չի տեսնում։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին։ Նա մի քանի կետ ներկայացրեց` նշելով, որ կան հստակ ապացույցներ, որ Ծառուկյանն է գումարներ ներդրել, իսկ իրանցիները խարդախությամբ հափշտակել են դրանք։
«Մեղադրող կողմն Իրանից ինչ «ապացույց», փաստաթուղթ եղել է, անվերապահորեն ներառել է այս եզրակացությունում, որոնցով իբրև թե ապացուցվում է մեղադրանքը։ Պաշտպանական կողմը տեսանյութեր է ներկայացրել, որոնք հիմնավորում են, որ այդ անձինք Ծառուկյանին խաբել են, ինչպես նաև պարտավորագրեր են ներկայացվել, որտեղ տուժողները պարտավորվում են վերադարձնել գումարները պարոն Ծառուկյանին։ Ուզում եմ հասկանալ` ինչպես է ստացվում, որ տուժողների բոլոր փաստաթղթերը ապացույց են համարվում, իսկ մեր ներկայացրածները չեն ճանաչվել ապացույց, չեն ներառվել մեղադրական եզրակացությունում»,– ասաց Սարգսյանը։
Դատախազները վստահեցրին` մեղադրական եզրակացության վերաձևակերպման անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ այնտեղ ապացույցների մի ամբողջ զանգված կա։ Շեշտեցին` վարույթը պետք է շարունակել տվյալ մեղադրական եզրակացության շրջանակում։
Մանվել Շահվերդյանն էլ ընդգծեց` նիստը կշարունակվի այն պայմաններում, ինչ տարբերակով ներկայացվել է մեղադրական եզրակացությունը, հատկապես որ պաշտպանական կողմը զրկված չէ իր ապացույցները ներկայացնելու հնարավորությունից։
Այնուհետև քննարկվեց ընդդատության հարցը։ Դատախազներից Լալա Առաքելյանը նշեց, որ խարդախության և փողերի լվացման գործ է, ընկերություններն էլ գրանցված են Երևանում, հետևաբար դատարանն այլ վայր փոխելու կարիք չեն տեսնում։
Երեմ Սարգսյանն էլ նշեց` պաշտպանական կողմը չի կարող ընդդատության մասին կարծիք հայտնել, զրկված է այդ հնարավորությունից, քանի որ մեղադրական եզրակացությունում մեղադրող կողմը չի նշել, թե որտեղ են կատարվել ենթադրյալ գործողությունները։
Երեմ Սարգսյանն էլ նշեց` պաշտպանական կողմը չի կարող ընդդատության մասին կարծիք հայտնել, զրկված է այդ հնարավորությունից, քանի որ մեղադրական եզրակացությունում մեղադրող կողմը չի նշել, թե որտեղ են կատարվել ենթադրյալ գործողությունները։
«Դա դատախազության պարտավորությունն է։ Մի հատ թող ասեն էլի` որտե՞ղ, ե՞րբ և ո՞նց է այդ դեպքը տեղի ունեցել։ Թե չէ ուղղակի ասում են` խարդախություն և փողերի լվացում է եղել»,– ասաց Սարգսյանը։
Փաստաբան Էմին Խաչատրյանն էլ պնդեց` դատախազները հստակ պատասխաններ չեն ներկայացնում հնչող հարցերին։ Նա նաև բացարկ հայտնեց դատախազ Լիանա Մարկոսյանին։
«Նախաքննության գործում տեղի է ունեցել ուղղորդված, միակողմանի գործընթաց։ Խախտվել է պարոն Ծառուկյանի պաշտպանության իրավունքը։ Դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում։ Ողջամիտ եզրահանգման կարող ենք գալ, որ տիկին Մարկոսյանը չի կարող այս գործով անաչառ լինել։ Ես կասկածի տակ չեմ դնում նրա պրոֆեսիոնալիզմը, բայց չեմ հավատում, որ նա տեղյակ չէր, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը հաղթահարած չլինելու պայմաններում չի կարելի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել»,– նշեց Խաչատրյանը։
Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ հենց Լիանա Մարկոսյանը միջնորդեց գործից հեռացնել փաստաբան Երեմ Սարգսյանին, այնինչ, դատախազներ Սաշիկ Ավետիսյանն ու Լալա Առաքելյանը հարցը թողեցին դատարանի հայեցողությանը։
Դատախազը պատասխանեց, որ իր կողմնակալության վերաբերյալ որևէ հարց չի կարող բարձրացվել, քանի որ ինքն իրականացրել է իր գործառույթները։
Դատավորն ընդգծեց` դատախազի դատավարական լիազորություններն իրականացնելու ընթացքում ընդունվող որոշումները հիմք չեն կարող լինել կանխակալ վերաբերմունք ունենալու հետ կապված եզրակացություն անելու համար։
Նիստի ընթացքում պետք է քննվեր նաև Ծառուկյանի և մյուս մեղադրյալների խափանման միջոցի փոփոխման հարցը, սակայն դատարանն այդ հարցին չանդրադարձավ։ Պատճառաբանեց` դեռ ժամանակ կա։
Նիստի ընթացքում պետք է քննվեր նաև Ծառուկյանի և մյուս մեղադրյալների խափանման միջոցի փոփոխման հարցը, սակայն դատարանն այդ հարցին չանդրադարձավ։ Պատճառաբանեց` դեռ ժամանակ կա։
Քննվեց մեղադրյալ Սինա Միարի Աբդոլմանաֆի կալանքի հարցը, քանի որ ժամկետը լրանում է հոկտեմբերի 19-ին։
Դատախազ Սաշիկ Ավետիսյանը հիշեցրեց, որ ձեռք բերված փաստերով հաստատվել է Սինա Միարիի առնչությունը մեղսագրվող արարքներին։
Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե նպատակ չի ունեցել բիզնես գործունեություն իրականացնել Իրանի՝ տուժող ճանաչված քաղաքացիների հետ, ցանկացել է ԻԻՀ քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիներից խարդախությամբ գումար հափշտակել և ի վերջո 21 միլիոն դոլար է հափշտակել նրանցից։
Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե նպատակ չի ունեցել բիզնես գործունեություն իրականացնել Իրանի՝ տուժող ճանաչված քաղաքացիների հետ, ցանկացել է ԻԻՀ քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիներից խարդախությամբ գումար հափշտակել և ի վերջո 21 միլիոն դոլար է հափշտակել նրանցից։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։