Դատարանները վերևից հրահանգ են կատարում. ի աջակցություն Ծառուկյանի դատարանի դիմաց ակցիա է
14:56 15.10.2026 (Թարմացված է: 14:58 15.10.2026)
Բաժանորդագրվել
Դատարանում շուտով կմեկնարկի Գագիկ Ծառուկյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստից առաջ դատարանի դիմաց ակցիա է իրականացվում։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Նիստը դռնբաց է։
«Եթե իրավական տիրույթում լինի այսօրվա որոշումը, ապա Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ կլինի, բայց վերջերս մենք համոզվել ենք, որ դատարանները վերևից հրահանգներ են կատարում։ Այժմ գործը քննելու է Աշոտ Փաշինյանի գործով զոհվածի ծնողին կալանք տված դատավորը (Մանվել Շահվերդյանի մասին է խոսքը-խմբ.)։ Ի դեպ, ԵԽԽՎ–ի զեկույցում նույնիսկ արձանագրվել է, որ Ծառուկյանից մանդատները գողացել են։ Գուցե այդ զեկույցը սթափության որոշակի ազդակ լինի ու գուցե դրանից կաշկանդված լինելով այսօր Ծառուկյանի և մյուսների խափանման միջոցը փոխեն»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նա ևս մեկ անգամ պնդեց` Ծառուկյանի հանդեպ իրականացվողն ակնհայտ քաղաքական պատվեր է։
ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ այսօր դատարաններից իր ակնկալիքների մասին խոսելուց խուսափում է, քանի որ որպես կանոն դրանք դատարանում չեն կայացվում։ Շեշտեց` այդ որոշումները կայացվում են այլ վայրում ու թելադրվում դատական իշխանությանը, ինչը փաստել են բազմաթիվ միջազգային կառույցներ։ Մամիջանյանը նաև ասաց, որ և՛ Ծառուկյանի, և՛ քաղաքական պայքարի մյուս գործընկերների գործերը շինծու են ու քաղաքական ենթատեքստ ունեն։
Նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ընդգծեց` որոշումները դատարաններում չեն կայացվում, դատական շենքերն էլ ուզուրպացված են հիմնականում իշխանությունների կողմից։
«Դա փաստող բազմաթիվ օրինակներ կան, որոնցից մեկն էլ այն է, որ այսօր տուժող անձը ինչ–որ «հրաշքով» դարձել է մեղադրյալ ու տեղի է ունենում իրավական «բեսպրիդել»։ Մեղավորներն էլ տուժող են դարձել, հետևաբար նման իրավիճակում արդարադատության մասին խոսելն ուղղակի սատիրա է։ ՀՀ–ում արդարադատության սկզբունքով այլևս որոշումներ չեն կայացվում»,– ասաց Դանիելյանը։
Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե նպատակ չի ունեցել բիզնես գործունեություն իրականացնել Իրանի՝ տուժող ճանաչված քաղաքացիների հետ, ցանկացել է ԻԻՀ քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիներից խարդախությամբ գումար հափշտակել և ի վերջո 21 միլիոն դոլար է հափշտակել նրանցից։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
Հավելենք, որ վերջերս Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակեց տեսանյութ, որտեղ գործարարը զրուցում է տուժող ճանաչված իրանցիների հետ։ Սարգսյանը տեսանյութին կից գրել էր, որ կադրերն ակնհայտորեն հաստատում են, որ որպես տուժող ներկայացվող իրանցիները Գագիկ Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել։