Մեր բերրի հողերը մնացին սահմանային պատից այն կողմ. կիրանցեցիները՝ խնդիրների մասին

© Sputnik
Բաժանորդագրվել
Սահմանազատումից հետո Կիրանցի բուֆերային` չեզոք հատվածներում մոտ 6 հա աշնանացան է իրականացվել, թեև նախկինում այն հասնում էր մինչև 30 հա–ի։
Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքում սահմանազատումից հետո կտրուկ ընկել է հողի մշակումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կիրանցեցիները պատմեցին, որ մինչ այդ իրենց համայնքում 50 հեկտար ցորեն է մշակվել, 10 հա–ից ավելի ծխախոտի դաշտեր, այգիներ են եղել, սակայն դրանց մի մասը հիմա անցել է Ադրբեջանին։
Վերջին տարիներին գարնանացանի տեմպերն այստեղ անհամեմատ ընկել են։ Պատճառների մասին տեղացիները կարող են երկար խոսել, բայց առանձնացնում են հիմնականը` իրենց լավագույն, բերրի հողերը մնացել են սահմանային պատից այն կողմ, բուֆերային հողերի մշակումն էլ հավելյալ բարդություններ է ստեղծել։
Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն տարի և՛ գարնանացան է արել, և՛ աշնանացան, վերջին տարիներին նույնպես անում է, բայց արդեն շատ քիչ։
«Մեր լավագույն հողերը մնացին այնտեղ, հասկանում եք, բերրի հողերը։ Այդտեղ արգենտինահայ բարերարների միջոցով կառուցված ջրագիծ կար, որը ձգվում էր մինչև գյուղի ամենավերջին տարածքները. մինչև Բերքաբերի ջրամբար էին հասնում մեր հողերը։ Մեր այդ ջրագիծը, բնականաբար, սահմանազատումից հետո կտրեցին»,– ասաց նա։
Խոսելով բարդություններից` 56–ամյա Անդրանիկը պատմեց բուֆերային գոտիներում կամ սահմանային պատի հարևանությամբ գտնվող հողերի մշակման խնդիրներից, որոնք նախկինում չեն եղել։ Օրինակ` այդ հողեր գյուղատնտեսական տեխնիկա մտցնելու համար հավելյալ անցագիր է հարկավոր. Կիրանցում հաճախ համապատասխան տեխնիկա չի լինում և ստիպված են լինում հարևան` ոչ սահմանամերձ գյուղերից բերել։ Այս դեպքում կիրանցեցին պետք է կոմբայնի կամ տրակտորի վարորդի համար էլ սահմանապահներից անցագիր, համապատասխան թույլտվություն ձեռքբերի։ Արդյունքում, շատ վարորդներ ուղղակի հրաժարվում են ավելորդ գլխացավանքից ու տեխնիկա չեն բերում Կիրանց։

Անդրանիկ Նազարյան
© Sputnik
Անդրանիկը հատկապես ցավով է խոսում Կիրանց համայնքի և Բերքաբերի ջրամբարի մեջտեղի հատվածում մնացած շուրջ 40 հա հողատարածքի մասին, որտեղ ժամանակին ցորեն էին ցանում, իսկ հիմա այն անհայտ կարգավիճակով անմշակ է մնացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չի տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։
«Այդ տարածքում, որը դեպի Բերքաբերի ջրամբարի կողմն է, մի ժամանակ 40–50 հա ցորեն էինք ցանում։ Հիմա ընդամենը 2–3 հա ցորեն է ցանվել այդտեղ։ Եթե իշխանություններն ասում են, թե խնդիր չկա, խաղաղություն է, ապա ինչո՞ւ չի ցանվում։ Ծուլացա՞նք այս 2 տարվա մեջ, փոխվեցի՞նք կիրանցեցիներով»,– տարակուսանք հայտնեց Անդրանիկը` արձագանքելով մարզպետարանի այն հայտարարություններին, թե այդ տարածքներում նորմալ վարուցանք է իրականացվում, անգամ` այգիներ են նախատեսում տնկել։
«Միշտ ամեն ինչ լավ, գունավոր են ներկայացնում, բայց թող գան այստեղ ու տեսնեն ամեն ինչ սեփական աչքերով։ Այնպես է, որ հակառակ կողմից ոչ կրակում են, ոչ էլ մի դեպք է արձանագրվում, բայց մեզ սահմանապահներն ու մեր ղեկավարներն անընդհատ ասում են` այստեղ մի գնա, այնտեղ չի կարելի գնալ, այդ դեպքում ո՞ւմ էր պետք այդ սահմանազատումը. փշալարից այն կողմ հասկանալի է, որ գործ չունենք, բայց փշալարից այս կողմ` մի ինչ–որ որոշակի տարածք մենք իրավունք ունենք, չէ, գնալու կամ, օրինակ, անասուն արածացնելու»,– նշեց նա։
Անդրանիկը անգամ հիշեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ Կիրանցում հող է սեփականաշնորհվել, որը հետո հայտարարեցին, թե Ադրբեջանի տարածք է, ու փշալարից այն կողմ մնաց։
Կիրանց համայնքի մի բնակչուհի, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ իրենց պատկանող մոտ 1.5 հեկտար հողատարածք մնացել է սահմանային պատից այն կողմ։ Այդտեղ իրենք ցորեն ու գարի էին ցանում։
Այդ հողատարածքների դիմաց որպես փոխհատուցում պետությունը գումար է առաջարկել, սակայն բնակչուհու ընտանիքը հրաժարվել է։
«Հող չեն առաջարկել. հող որտեղի՞ց տան, ամբողջը բաժանած է։ Մարդկանց մի մասը գումարը վերցրեց։ Կան մարդիկ, որ շարունակում են սահմանից այն կողմ գնալ ու մշակել իրենց հին հողերը, բայց շատ դժվար է գնալ` սահմանապահների օգնությունն է պետք»,– նշեց նա։
Կիրանցի կնոջ խոսքով` այժմ իրենց ապրուստը կարողանում են հոգալ միայն անասնապահությամբ և տնամերձ փոքր հողատարածքը մշակելով։ Թեև հակառակորդի կողմից այլևս կրակոցներ չեն հնչում, սակայն, իր խոսքով` հաստատված այս խարխուլ խաղաղությանն էլ չեն հավատում։ Դժվար է կյանքը դարձել Կիրանցում, սակայն նա և իր ընտանիքը չի պատրաստվում գնալ այլ տեղ երջանկություն փնտրելու։
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ սահմանազատումից հետո Կիրանցի բուֆերային` չեզոք հատվածներում մոտ 6 հա աշնանացան է իրականացվել, թեև նախկինում մինչև 30 հա–ի էր հասնում այն։

Վաղարշակ Սուքոյան
© Sputnik
Մեր հարցին` ի՞նչ եղան այդ տարածքները, մնացի՞ն Ադրբեջանին, նա պատասխանեց, որ դրանք մեր տարածքները չեն եղել, նրանցն է եղել, մենք ուղղակի դրանք մշակել ենք։
«Մենք նրանց տարածք չենք տվել, դա միանշանակ է։ Ինչ վերաբերում է գարնանացանին, ապա այն արդեն իսկ ընթացքի մեջ է սահմանամերձ թե Բերքաբերում, թե Ոսկեպարում, թե Կիրանցում։ Այն հատվածները, որոնք կառավարության որոշմամբ չեզոք գոտիներ են, ուրեմն անվտանգ են. կան անցակետեր, մարդիկ կարողանում են մշակել այդ հողերը` հատուկ անցագրով»,– վստահեցրեց Սուքոյանը։
Նա հավաստիացրեց, որ մարդիկ արդեն առանց վախի են այդ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում։
Նա պատմեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ կոնկրետ Բերքաբեր և Խաշթառակ համայնքներում անցած տարվանից իրականացնում են տնամերձ այգիների տնկման ծրագիր։
Ինչ վերաբերում է ընդհանուր Տավուշի մարզում իրականացվող գարնանացանին, ապա պաշտոնյայի խոսքով` 100 տոկոսով այն վերջացրած կլինեին, եթե եղանակային պայմանները թույլ տային։
2025 թ. մարզում իրականացվել է շուրջ 1800 հա գարնանացան, իսկ այս տարվա մայիսի 9–ի դրությամբ դեռ կատարվել էր շուրջ 700 հեկտարի գարնանացան։ Այս տարի մարզպետարանը նախատեսում է ավելացնել գարնանացանի ծավալները, քանի որ ՀՀ կառավարությունը փոխհատուցում է նախատեսել մշակաբույսերի համար։ Ի դեպ, Տավուշի մարզում աշնանացանի աշխատանքներն ավելի ակտիվ են ընթանում, քան գարնանացանինը` կրկին եղանակով պայմանավորված։ Օրինակ` 2025 թվականին ունեցել են 2014 հա աշնանացան։

1/9
© Sputnik
Կիրանց տանող ճանապարհը

2/9
© Sputnik
Տուն Կիրանցում

3/9
© Sputnik
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին

4/9
© Sputnik
Կիրանց

5/9
© Sputnik
Կիրանց տանող ճանապարհը

6/9
© Sputnik
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին

7/9
© Sputnik
Տավուշի մարզպետարանը

8/9
© Sputnik
Կիրանց տանող ճանապարհը

9/9
© Sputnik
Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը
1/9
© Sputnik
Կիրանց տանող ճանապարհը
2/9
© Sputnik
Տուն Կիրանցում
3/9
© Sputnik
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին
4/9
© Sputnik
Կիրանց
5/9
© Sputnik
Կիրանց տանող ճանապարհը
6/9
© Sputnik
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին
7/9
© Sputnik
Տավուշի մարզպետարանը
8/9
© Sputnik
Կիրանց տանող ճանապարհը
9/9
© Sputnik
Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը
Պարենային անվտանգությունից ելնելով` ստացված բերքը սպառվում է միայն մարզի ներսում, չի վաճառվում կամ չի արտահանվում։ Տավուշի միայն Դիլիջան համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ այն համարվում է զբուսաշրջային կենտրոն, և զբաղվածությունն այստեղ այլ է։
Մարզում այս պահին կա մոտ 40 000 տնտեսություն, որից գյուղատնտեսությամբ զբաղվում է 25 000–ը։ Թե նրանցից քանի՞սն են սահմանամերձ հատվածներում, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը դժվարացավ ասել։
Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025–ի օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։
