Ինչո՞ւ հանկարծ իշխանությունը հիշեց եկեղեցու խնդիրների մասին. ԱԺ նախկին պատգամավորի կարծիքը
© Sputnik / Andranik GhazaryanԱննա Կոստանյան

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Քաղաքական գործչի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն իրավիճակը լարելով ստուգում են տարբեր ոլորտների ամրությունը և պաշտպանական արձագանքի բացակայության դեպքում դրանց նկատմամբ լիակատար վերահսկողություն են հաստատում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու վրա իշխանությունների հարձակումները պայմանավորված են իշխող քաղաքական ուժի՝ ՀԱԵ-ն իրեն հնազանդեցնելու ցանկությամբ, քանի որ դա երկրի միակ կառույցն է, որի հետ ՀՀ քաղաքացիները դեռևս հույսեր են կապում: Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի հասարակական, քաղաքական և մնացած բոլոր ոլորտներում իշխանությունների նախաձեռնած տուրբուլենտ գործընթացներն են ընթանում։ Այսինքն՝ իշխանությունը, փորձելով ամրապնդել իր դիրքերը, բոլոր ուղղություններով լարում է իրավիճակը, որպեսզի «շոշափի» այս կամ այն ոլորտից ստացվող ազդակները։ Պաշտպանական արձագանքի բացակայության դեպքում քայլեր են ձեռնարկվում ոլորտն ինքնուրույնությունից զրկելու և դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ուղղությամբ։
Կոստանյանի կարծիքով՝ իշխանությունների նման քայլերի թիվ մեկ պատճառը իշխանությունը պահելն է, քանի որ 2026 թվականի ընտրություններն արդեն սարերի հետևում չեն։
«Ներքաղաքական գործոններին զուգահեռ, կան դրանցից ածանցվող արտաքին քաղաքական իրողությունները։ Հայաստանի իշխանություններն այս կամ այն քայլին դիմում են՝ կատարելով Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, այսինքն՝ աշխարհաքաղաքական իրավիճակը պայմանավորված է մեր ոչ բարեկամ հարևանների կողմից ճնշումներով»,- ասաց Կոստանյանը։
Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ տարբեր հարցումների արդյունքներով հատկապես վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցին համեմատաբար բարձր վարկանիշ ունեցող միակ ինստիտուցիոնալ հատվածն է մնում: Այսինքն, անկախ բոլոր խնդիրներից` ՀԱԵ-ին հաջողվել է պահպանել ժողովրդի դրական վերաբերմունքը։
«Ինչ էլ որ լինի, ժողովրդից եկեղեցու հետ միասնական լինելու ազդակներ են գալիս, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Հայաստանի, Արցախի հետ տեղի ունեցած բոլոր աղետներից հետո, ինչպես ցույց է տալիս հասարակական-քաղաքական կյանքի մեր փորձը, ժողովուրդը դեռ հույսեր է կապում ՀԱԵ-ի հետ»,-կարծում է նախկին պատգամավորը։
Նա նաև հավելեց, որ հայտարարելով, թե «եկեղեցին խնդիրներ ունի», իշխանությունները փորձում են կոտրել այդ հույսերը և ցույց տալ, որ դրանք սխալ են: Սա ազգային ինքնության վերափոխման և վերաիմաստավորման փորձ է։ Ընդ որում, այն, ինչ պարտադրվում է ժողովրդին, ոչ մի ընդհանուր բան չունի հայկական ինքնության հետ։
Միաժամանակ նա մատնանշում է ներքին խնդիրների առկայությունը, որոնք վերջին 30 տարիների ընթացքում եթե չեն քանդել, ապա առնվազն սասանել են Հայաստանի Հանրապետության հիմքերը։
«Շատ կարևոր է բարձրացնել խնդիրները, դեմառդեմ հանդիպել դրանց, քաղաքական կամք է պետք դրանց մասին խոսելու համար։ Սակայն այդ հարցերը հնչեցնում են մարդիկ, որոնք, մեղմ ասած, դրա իրավունքը չունեն։ Այստեղ կարևոր է հասկանալ՝ արդյոք նրանք դա անում են ի շահ ազգի և պետության։ Մի մոռացեք, որ ոչ բարեկամական երկրի հոգևոր առաջնորդի կողմից որոշակի պահանջ հնչեց և հաջորդ օրերի ու նույնիսկ ժամերի ընթացքում հանկարծ մեր իշխանությունը հիշեց եկեղեցու խնդիրների մասին: Ընդ որում՝ ներքին կարգավորումների շրջանակներում եկեղեցու գործառույթներին վերաբերող խնդիրների վերաբերյալ։ Բայց այդ իրավունքը տրված չէ ո՛չ աշխարհիկ իշխանությանը, ո՛չ Հայաստանի հասարակ քաղաքացիներին, նույնիսկ եթե նրանք պահում են եկեղեցու պատգամները»,-ընդգծեց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը բնազդաբար է զգում, թե ինչ է կատարվում, բնազադաբար էլ արձագանքում է՝ փորձելով պաշտպանել եկեղեցին: Ընդ որում, դա վերաբերում է նույնիսկ նրանց, ում դժվար է Հայ առաքելական եկեղեցու մոլի հետևորդ անվանել։
Նա օրինակ բերեց իր ծանոթներին, որոնք սկսել են ՀԱԵ-ն պաշտպանել ոտնձգություններից, մինչդեռ սովորաբար եկեղեցի էին մտնում ՀՀ մարզերով շրջագայելիս` միայն մոմ վառելու համար կամ որպես զուտ պատմամշակութային օբյեկտ։
«Հասկանում են, թե հանուն ինչի է իշխանությունը փորձում քանդել հազարամյա հայկական ազգային ինստիտուտը։ Հասկանում են, որ իրականում «սլաքներն» ուղղված են համայն հայությանը։ Այսինքն՝ արթնացել է ինքնապահպանման բնազդը։ Մենք բոլորս շատ լավ գիտենք եկեղեցու բազմաբնույթ խնդիրների մասին։ Բայց դրա հետ մեկտեղ մենք իրավունք չունենք աջակցել մեր ժողովրդի վերջին սրբազան հենարանի դեմ ոտնձգություն անող իշխանություններին»,-ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։