Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան
Տրանսպորտն ու լոգիստիկան լուրջ խնդիրներ են, ընդ որում` քաղաքական մասշտաբի
Այն հայտարարությունը, թե Ռուսաստանը ակտիվ աշխատում է աբխազական երկաթուղու բացման նախագծի վրա, անսպասելի էր, թեև նախկինում թվում էր, թե կողմերը փորձում էին այդ հարցը շրջանցել քաղաքական բաղադրիչի պատճառով:
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Երևանում հայտարարեց Կարասին-Աբաշիձե մակարդակով ընթացող բանակցությունների և շվեյցարական SGS ընկերության հետ աշխատանքի մասին, որը կվերահսկի ապրանքների շարժը Վրաստանում և Վրաստան-Ռուսաստան ճանապարհին: Նաև նշվեց Հարավային Օսեթիայի ու Ռոկի թունելի, Անդրկովկասյան մայրուղու մասին, որոնց վերաբերյալ, իհարկե, դեռ պայմանավորվածություն ձեռք բերվել վրացական կողմի հետ:
Իրականում այս ուղղությամբ իրավիճակը բավական բարդ է և պայմանավորված է ոչ միայն Վրաստանի դիրքորոշմամբ, այլև այն հանգամանքով, որ Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ են, և այդ կառույցի մեխանիզմների զարգացումը ձեռնտու չեն Արևմուտքին, որը, ըստ երևույթին, պոտենցիալ մրցակից է համարում այդ միությանը: Եվ ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական: Ահա թե ինչու է ամեն ինչ անում, որպեսզի երկաթուղին անգամ վրացական տարանցում չունենա:
Մեղրու ազատ տնտեսական գոտին`կամուրջ ռուսական բիզնեսի համար
Ինչ վերաբերում է երկու դաշնակից երկրների առևտրային հարաբերություններին, ապա այս անգամ առաջին պլան մղվեց Մեղրու ազատ տնտեսական գոտին, որի նկատմամբ անտարբեր չեն Իրանի հետ համագործակցելու ցանկություն ունեցող ռուսական ընկերություններն ու ձեռնարկությունները:
Այս առումով ամեն ինչ շատ պարզ է և միևնույն ժամանակ բարդ, քանի որ ընդհանուր սահման չունեցող Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկայի խնդիրներ կան:
Բայց այդ փաստը չի խանգարում, որ ռուսական կողմը Մեղրու ազատ տնտեսական գոտին որպես կամուրջ դիտարկի իր և Իրանի միջև: Վարչապետ Մեդվեդևի խոսքով, Ռուսաստանի գործարար կառույցները կարող են հրավիրվել որպես համաներդրողներ:
Առևտուր և շուկա
Այնուամենայնիվ, ամենահետաքրքիր թեման ծագեց, երբ կողմերը սկսեցին խոսել շուկայի և առևտրի մեխանիզմների բարելավման մասին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար ռուսական սպառողական շուկան գոնե գյուղատնտեսական ապրանքների, ոգելից խմիչքների (առաջին հերթին` կոնյակ) և հյութերի, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի պահածոների վաճառքի համար շատ ցանկալի տարածք է:
Ի դեպ, Մեդվեդևն առաջինը խոսեց այդ մասին` զարմանալով, որ Հայաստանը ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ Ռուսաստանում հիմա շատ հարմար պահ է. որոշակի երկրների գյուղատնտեսական սպառողական շուկայի արտադրանքների համար փակվել են ճանապարհները (փոխադարձ պատժամիջոցները շարունակվում են), և հայ արտադրողը չի փորձում ավելի մեծ շահ ստանալ:
Պարզ է, որ հայկական ծիրանը բացառիկ ապրանք է, որը ռուսական շուկայում ակնթարթորեն է վաճառվում: Բայց Ռուսաստանի վարչապետին զարմացնում է, որ ոչ մի մեխանիզմ չի հայտնաբերվել, որի շնորհիվ հայաստանյան և ռուսական ընկերությունները կարող են համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանում ջերմոցային տնտեսությունների ծավալների ավելացման համար: Սա թույլ կտա կտրուկ ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի ծավալները:
Վարչապետը խոսել է նաև ռուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման տարբերակների որոնման անհրաժեշտության մասին, ինչի սուր կարիքն այսօր ունի Հայաստանի ագրարային հատվածը: Դա կլինի ռուսական կամ հայկական բանկերի նպատակաուղղված վարկավորմամբ, թե որոշակի արտոնություններով, կորոշվի ժամանակի ընթացքում:
Եվ գլխավոր թեման
«Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ Հայաստանին տրամադրվող կապույտ վառելիքի գինը 2018 թ-ին անփոփոխ կմնա:
Միևնույն ժամանակ, Միլլերը բողոքեց, որ գազի սպառման ծավալները ընդհանրապես չեն աճում, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում մատակարարի համար:
Հասկանալի է, որ գազի սպառման ծավալից շատ բան է կախված (և առաջին հերթին` վերջնական գինը): Հասկանալի է նաև, որ Հայաստանը, որը գործնականում մնացել է առանց լուրջ արդյունաբերական արտադրության, չի կարող պարծենալ սպառվող գազի մեծ ծավալներով: Միայն բնակելի հատվածի ծավալներով այդքան աճ չի ապահովվի, որ հետագայում խոսենք գների իջեցման մասին:
Սակայն Ռուսաստանի վարչապետի նշած ջերմոցների ստեղծումը կարող է անուղղակիորեն ավելացնել գազի սպառման ծավալները գյուղատնտեսության ոլորտում: Գյուղոլորտն ու տրանսպորտը միասին (որը գազի սպառման զգալի մասն է կազմում) կարող է պատճառ հանդիսանալ կապույտ վառելիքի ծավալների ավելացման համար: Իսկ այդ հանգամանքն իր հերթին կխթանի գազի գնի վերջնական նվազումը սպառողի համար…
…Ցավոք, խոսքը չհասավ, ասենք, հայկական տրիկոտաժին կամ կոշկեղենին: Ակնհայտ է, որ այդ ոլորտների վերականգնման համար ավելի լուրջ ներդրումներ են պահանջվելու, և որ պակաս կարևոր չէ` Ռուսաստանն ու ԵԱՏՄ մյուս անդամները պետք է թույլ տան մուտք գործել տեղական սպառողական շուկա: Հուսամ` դրան էլ շատ արագ կհասնենք, և Հայաստանն էլ լավ խթան կստանա ինչպես Գյումրու տրիկոտաժի, այնպես էլ Երևանի կոշկեղենի արտադրությունը վերականգնելու համար: