Արման Վանեսքեհյան Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությանն առնչվող վեճերը, որոնք մեղմ անցում են կատարել խորհրդարանական հետնաբեմում տեղի ունեցող ծեծկռտուքի, այնքան արհեսատական են իրենց բնույթով, որ խոսել այդ կուսակցության դիրքորոշման տրամաբանական և հիմնավոր լինելու մասին, պարզապես, անիմաստ է։ Նույնիսկ այն թվերը, որոնք ներկայացնում են «Ելք» խմբակցության անդամները, համոզիչ չեն, թեև դրանցից որոշները կարող են հիմնավորված լինել։
ԵԱՏՄ–ից դուրս գալու կողմնակիցների փաստարկները բացահայտ կանխակալ են և ոչ համոզիչ
Օրինակ, առաջին հայացքից բավականին հիմնավորված են երևում այն թվերը, որոնց օգնությամբ ընդդիմադիր պատգամավորներն ապացուցում են, որ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո առաջին տարիների ընթացքում արտասահմանյան ներդրումների ծավալն ու Ռուսաստանի հետ ֆինանսական շրջանառությունը կրկնակի նվազել են։
Խորհրդարանական ելույթների ժամանակ հնչեցրած և արևմտամետ ԶԼՄ–ներում շրջանառվող տվյալների համաձայն՝ երկու տարվա ընթացքում (2014 – 2016) հայկական տնտեսության ներդրումների ծավալը, գրեթե կրկնակի կրճատվել է՝ տարեկան 350–ից մինչև 170 մլն դոլար։
ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության նույնիսկ ամենավառ կողմնակիցները պետք է խոստովանեն, որ նման կտրուկ անկում, իսկապես, եղել է, և դա մտահոգվելու առիթ է տալիս ճիշտ այնքան, որքան և, ընդհանրապես, տրանսֆերտների կրճատումը։
Սակայն, այդ թվերը մեջբերելով, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները նպատակաուղղված կեղծում են՝ փորձելով շրջանցել Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ ֆինանսական շրջանառության նման անկման պատճառները
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկիր արժութային մուտքերի ծավալների կտրուկ անկման կորը պայմանավորված է կոնկրետ քաղաքական բաղադրիչով, որն այն ժամանակ ստեղծվեց միջազգային ասպարեզում, իսկ ավելի կոնկրետ` տնտեսական պատժամիջոցներով, որոնք Ռուսաստանի նկատմամբ կիրառել են արևմտյան երկրները։
Հենց Ռուսաստանն է ԵԱՏՄ–ի կազմում ֆինանսական և արտադրական լոկոմոտիվը (ինչպես նաև ամենամեծ ներուժ ունեցող սպառողական շուկան)։ Եվ բնական է այն, որ դեպի Հայաստան բոլոր տրանսֆերտների 85 տոկոսը հենց այդ երկրից են։
Եվ եթե արևմտյան երկրների ջանքերով (ինչպես ԱՄՆ, այնպես էլ եվրոպական) ռուսական ազգային արժույթի փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ այն ժամանակ ընկավ ուղիղ երկու անգամ (35–ից 70 ռուբլի մեկ դոլարի դիմաց), իսկ նավթի գները էներգակիրների միջազգային շուկայում 1 բարելի դիմաց իջան 35 դոլարից ներքև, ապա դա չէր կարող չանդրադառնալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական շրջանառության ծավալների վրա։
Քաղաքական ենթատեքստ, որը տնտեսության հետ որևէ իրական կապ չունի
ԵԱՏՄ–ից դուրս գալու կողմնակից ընդդիմադիրները դա ոչ իմանալ, ոչ էլ հասկանալ են կարող։ Չէ՞ որ նրանց շարքում լուրջ տնտեսագետներ կան. օրինակ ՀՀ նախկին վարչապետը, որը, թեև «Ելք» խմբակցության անդամ չէ, սակայն ակտիվ, փրփուրը բերանին ապացուցում է ԵԱՏՄ–ից երկրի դուրս գալու անհրաժեշտության մասին։
Իսկ եթե հասկանում են, սակայն գերադասում տվյալ եղելությունը կոծկել, ապա դա նշանակում է, որ նրանց ելույթները միտումնավոր են, ապացույցները վստահություն չեն կարող ներշնչել հասարակությանը, և դա պարզ էր ի սկզբանե։ Նույնիսկ կեղծ, կոնկրետ ընդդիմադիր խմբակցությանն անհրաժեշտ թվերին հարմարեցված Սորոսի դրամաշնորհային հարցման տվյալները, որոնք հանրությանը համոզում են, որ Հայաստանի բնակչության 57 տոկոսը պահանջում է դուրս գալ ԵԱՏՄ–ից, օգնել չեն կարող։ Ինչպես արևմտամետ զանգվածային լրատվամիջոցների ակտիվ գործունեության մեջ, այնպես էլ տարբեր փորձագետների և վերլուծաբանների ելույթներում, ինչպես ասում են՝ անմիջապես նկատելի է այդ կեղծիքը։
Այլ բան է, եթե հարցադրում անել, թե ինչու է «Ելքը» կենտրոնացել հենց ԵԱՏՄ–ի թեմային։ Ինչո՞ւ է խմբակցությունը ակտիվություն ցուցաբերում հենց տնտեսական ոլորտում։ Չէ՞ որ ընդդիմադիր բլոկը կոնկրետ քաղաքական ուղղվածություն ունի։
Այդ դեպքում ինչո՞ւ խմբակցության անդամները չեն պահանջում, ասենք, վարչապետի հրաժարականը, որը ԵԱՏՄ–ին ինտեգրման գաղափարի անկեղծ կողմնակից է։ Ինչո՞ւ չեն պահանջում նախագահի հրաժարականը, որն ինչ–որ չափով անձամբ, ինքնակամ երկիրը մտցրեց ԵԱՏՄ–ի մեջ։ Համաձայնեք, դա բոլոր առումներով տրամաբանական կլիներ։ Չէ՞ որ խորհրդարանական ընդդիմությանը սազական է հենց քաղաքական հարցերին արմատական լուծում տալը, այլ ոչ թե տնտեսական բանավեճի հարցում կանխորոշված պարտությունը։
Մի՞թե սա արվում է նրա համար, որ նրանց առջև կոնկրետ խնդիր է դրված «տապալել» հենց ԵԱՏՄ–ական ինտեգրման գաղափարը։ Իսկ եթե պատվեր կա (ինչում, կարծես, կասկած լինել չի կարող), ապա նշանակում է, որ ինչ–որ մեկն ինչ–որ մի տեղ շատ ուժեղ վախենում է, որ ԵԱՏՄ մեխանիզմն, իսկապես, կաշխատի ամբողջ թափով…
Տնտեսության իրական տրամաբանությունը, որից փորձում են հրաժարվել
Իրականում, հեշտ է կանխագուշակել «Ելքի» պարտությունը տվյալ հարցում, և նրանց ընդդիմախոսները, կարծում եմ, կանեն դա հաճույքով։ Բավական է ասել, որ եվրոպացիները հայկական արտադրանքի համար ոչ բազմամիլիոնանոց սպառողական շուկա, ոչ էլ էներգակիրների արտոնյալ գներ կտրամադրեն։
Ի դեպ, եվրոպական սպառողական շուկայի վերաբերյալ հարցն, ընդհանրապես, մի տեսակ առանձին է կանգնած։ Եվրոպական արտադրողներն իրենց «կրտսեր» գործընկերներին այդ առումով անկեղծորեն ճնշում են։ Եվրոպայում վաղուց է ամեն ինչ մասնատված, և այնտեղ ներթափանցել չեն կարող նույնիսկ այն երկրները, որոնք իրենց համար ընտրել են զարգացման արևմտամետ ուղին։ Նրանց «կրտսեր եղբայրների» համար, լավագույն դեպքում, զբոսաշրջային հանգստավայրի (Հունաստան, Վրաստան) դեր է կանխորոշված։ Եվ նույնիսկ չենք կարող խոսել արդյունաբերության մեջ եվրոպական կապիտալի որևէ լուրջ ներդրումների մասին։
Նրանց, նույնիսկ, պարենամթերքի և գյուղատնտեսության շուկա մոտ չեն թողնում։ Նույն Վրաստանն ու Մոլդովան, օրինակ, անում են հնարավոր ամեն բան, որպեսզի հենց ռուսական շուկա գինու որոշակի ծավալներ արտահանեն։
Իսկ Հայաստանին, ի սկզբանե, տրված է այդ հնարավորությունը, և հնարավորությունն այդ անհրաժեշտ է օգտագործել հենց հիմա, քանի դեռ հնարավորություն կա գոնե մասնակի, գոնե ինչ–որ կերպ վերադարձնել այն, ինչն արդյունաբերական առումով զարգացած երկրին բառացիորեն ստիպեց կործանել 1990-ականներին։
Բայց չէ՞ որ հայկական մտածելակերպն առանձնահատուկ է, այն չի բավարարվելու արևմտյան սեղանից հրամցվող ողորմությամբ։ Հայերը ուզում են և սիրում են աշխատել, գրավել սպառողական շուկաները (ինչպես առաջարկում է նրանց ԵԱՏՄ–ն)։ Հայերը ցանկանում են և սիրում են գումար վաստակել, հարստանալ և ապահովել իրենց ընտանիքները: Այդ առումով այսօր ԵԱՏՄ–ի կառուցվածքն ամենագայթակղիչն է: Կազմակերպությունն արդեն իսկ տրամադրել է իր շուկան Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների համար, անցյալ տարի Ռուսաստան արտահանման ծավալների աճը կազմել է 64,2% (226 մինչև 371 մլն դոլար):
Եվ ի՞նչ կլինի, երբ, օրինակ, հայկական տրիկոտաժը, տեքստիլը, գյուղմթերքը, պարենամթերքը և խմիչքի ցանկը համալրվի հայկական արտադրության կոշիկներով(հիշում եմ՝ խորհրդային տարիներին ամբողջ միությունը հերթ էր կանգնած «Լյուքս» և «Մասիս» ապրանքանիշի ձեռքբերման համար) ու ինչ–որ քիմիա (չէ ՞որ մենք կենցաղային քիմիայի ոլորտում ամենաբարձրակարգ տեխնոլոգիաներ ունեինք)։
Հետաքրքիր է, թե ինչ դեմքով է խոսում ԵԱՏՄ–ից դուրս գալու անհրաժեշտության մասին այն ընդդիմադիրը, որը վարչապետ և փոխվարչապետ լինելու օրոք անձամբ է գիտակցաբար այդ ամենը ավերել ու խեղդել: Բառացիորեն սպանել է այնպիսի արդյունաբերական ձեռնարկություններ, ինչպես, օրինակ, «Նաիրիտը», Երևանի լամպերի, կաբելային, Կիրովականի քիմիական գործարանը և շատ ուրիշներ: Այն ժամանակ` 1990-ականների սկզբին և կեսերին, ոչնչացնում էին ամբողջական ճյուղեր և ոլորտներ` գործիքաշինության, մեքենաշինության, հաստոցաշինության…
Եթե որևէ մեկին թվում է, որ հասարակությունը, հայ ժողովուրդն այդ ամենը մոռացել է, ապա նա խիստ սխալվում է։ Եվ խորհրդարանական ամբիոններին մի քանի թվերով աճպարարություն անելով, մի ամբողջ ժողովրդի հակառակը համոզել չի հաջողվի։ Մարդիկ վերը նշված ամեն ինչից հիանալի տեղյակ են, հասկանում են և գիտակցում։ Ե՛վ աշխատել, և՛ գումար վաստակել ԵԱՏՄ ինտեգրացիոն համակարգում արդեն սովորել են։