«Հայոց աշխարհ». Մեքենաների ռուսական շուկան կորցրել է հետաքրքրությունը
«Հայոց աշխարհ» թերթը գրում է, որ ավտոմեքենաների ռուսական շուկան տարեսկզբին կորցրել է հետաքրքրությունը հայաստանյան ներմուծողների շրջանում։ Թերթը հիշեցնում է, որ ԵՏՄ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից բերվող տրանսպորտային միջոցների համար դադարեց գործել ԱԱՀ։ Թեև դա պետք է հանգեցներ շուկայից ներմուծվող ավտոմեքենաների ավելացմանը, սակայն դրանք ոչ միայն չեն ավելացել, այլև կտրուկ նվազել են։
«Համաձայն մաքսային ծառայության հրապարակած տվյալների` այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել ընդամենը 265 տրանսպորտային միջոց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մի քանի անգամ շատ էր։ 2015 թվականի առաջին կեսին Ռուսաստանից ներմուծվել էր 1735 ավտոմեքենա։ Այլ կերպ ասած` ավելի բարենպաստ պայմաններում ներկրումները պակասել են 6.5 անգամ»,-գրում է թերթը։
«Հայկական ժամանակ». Նորից Մուկուչյանին կբերե՞ն
«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է ԿԸՀ նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուների առաջադրմանը։
«Մեր տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու։ ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելն իրենց թույլ տալիս ենթադրել, որ իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու»,-գրում է թերթը։
Հիշեցնենք, որ սկսվել է ԿԸՀ նախագահի և վեց անդամների առաջադրման ժամկետը և այն տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։
«Հրապարակ». Կառավարությունում սեպտեմբերի 10-ից մեկնարկում է կադրային փոփոխությունների փուլը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում եւ, մասնավորապես, ոստիկանությունում աշխատակիցները սրտատրոփ սպասում են սեպտեմբերի 10-ին։
Համակարգի աշխատակիցներից տեղեկացանք, որ ներքին կարգով զգուշացրել են, որ այդ օրվանից մեկնարկելու է արմատական փոփոխությունների փուլ, որոնք ընդգրկելու են ինչպես կադրային տեղաշարժեր, այնպես էլ կառուցվածքային»:
«Ժողովուրդ». ՀԷՑ-ը շարունակում է գերշահույթ ստանալ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀԷՑ-ը շարունակում է բնակչությանը թանկ սակագնով հոսանք վաճառել, ու եղելությունը անվանում է «թալան», որը ձեռնտու է իշխանությանը։
«Պաշտոնապես հրապարակված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով` ՀԷՑ-ը սպառողներին է մատակարարել 2 միլիարդ 967.4 մլն կՎտ/ժ էլէներգիա։ Տեղեկացնենք, որ Հայաստանի ատոմակայանը, ՋԷԿ-երը և ՀԷԿ-երը ՀԷՑ-ին այս տարվա առաջին կիսամյակում մատակարարել են 60 միլիարդ 804 միլիոն 700 հազար դրամի էլէներգիա, սակայն ՀԷՑ-ը փաստացի արտադրողներին վճարել է 75 միլիարդ 793 միլիոն 700 հազար դրամ։ ՀԷՑ-ը էներգետիկ բնագավառի բոլոր պետական ձեռնարկությունների հանդեպ պարտքեր է կուտակած եղել, որոնք այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով մարել է»,- գրում է թերթը։
«Չորորդ իշխանություն». Գյուղապետի թեկնածուն խաշլամա է հյուրասիրում որպես ընտրակաշառք
«ՉԻ» տեղեկություններով` Արարատի մարզի Ազատավան գյուղում նախընտրական մրցապայքար է։
«Գյուղապետի թեկնածու, գյուղի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանն ընկած է դռնեդուռ։ Նրան այս օրերին կարելի է տեսնել ամենուր` դաշտերում աշխատող գյուղացիների կողքին, համագյուղացիների տներում։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուն, որը նաև փոստատանն է աշխատում, վերոնշյալ վայրերում հայտնվում է խաշլամայով ամանը ձեռքին։ Նա համագյուղացիների համար խաշլամայի հյուրասիրություն է կազմակերպում և ձեռքի հետ էլ տեղեկացնում, թե ինքն արդեն 1200 ձայն ունի»,-գրում է թերթը։
«Իրատես». Նաիրիտը կսկսի աշխատե՞լ
«Իրատես» թերթին հայտնի է դարձել, որ «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցություններն արդյունավետ են եղել։
«Այսօր-վաղը Հայաստան կժամանեն միջազգային կազմակերպութան ներկայացուցիչները, ըստ ամենայնի, ձեռք բերելու «պատմական» համաձայնությունը։ Ի դեպ, մինչ այժմ եղած առաջարկների մեջ այս ընկերության ներկայացրած փաթեթն ամենագրավիչն Է լրջագույն բիզնես- ծրագիր ներդրումների ու զարգացման ռեալ հեռանկարներով։
Հիշենք, որ վերջերս «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրություն էր դրսևորում նաև EU-ASIA Business Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, սակայն մինչ այժմ այդ հոլդինգը որևէ գործնական ծրագիր չէր ներկայացրել, և այսօր Հայաստան ժամանող կազմակերպությունը, որի անունն ի վերջո հայտնի կդառնա այս օրերին, որևէ կապ չունի այդ հոլդինգի հետ»,-գրում է թերթը։