ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnnik, Արմենուհի Մխոյան. Ամենաշատ՝ ավագանու 99 թեկնածուի առաջադրումով ներկայացել է ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը, որը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին է սատարում նաև իր անվանումով: Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մյուս «ուրախությունը» նախ` Հանրապետական — «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցությունների միացումն էր՝ դաշինքի տեսքով, ապա այդ դաշինքի անվանումը՝ «Բալասանյան» դաշինք:
Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդիկ Բաղրամյանը փաստեց՝ «ըստ օրենքի է, 2 ուժերի կնիքներով վավերացրած»: Ըստ նոր ընտրակարգի՝ կուսակցություններն ունեն 15-ից մինչև 99 թեկնածու առաջադրելու իրավունք, մինչդեռ դաշինքները` նվազագույնը 25:
Գյումրին այս ընտրություններին ունենալու է 82 տեղամաս: Արդեն ձևավորված են տեղամասերը, պատրաստ են նախնական ցուցակները՝ 126 հազար ընտրող:
Պատասխանատուից հետաքրքրվեցինք՝ 126 հազար ընտրողի համար մի քիչ շատ չէ՞ 422 թեկնածուն, այն էլ երբ նրանցից շատերին, մեղմ ասած, նույնիսկ հարևանները չեն ճանաչում, ուր մնաց քաղաքականապես հասուն լինելու ու հանրապետության երկրորդ քաղաքի ծանր հոգսն իրենց ուսերին կրելու հանգամանքը:
«Քանի որ ընտրակարգը նոր է, պետք է հասկանալ` որքանով է հնարավոր թիմային աշխատանքը. վերջիվերջո այս ընտրությունը թիմային աշխատանք է, և, բնականաբար, այս թիվը նորմալ է: Քրտնաջան քարոզարշավ է սպասվում, որն էլ ավելի հետաքրքիր է դարձնելու մեր ընտրությունները: Պայքարն ավելի է թեժանալու։ Եթե նախորդ ՏԻՄ ընտրություններին 72 թեկնածու ենք ունեցել, հիմա` 422: Ազգաբնակչությունն ունենալու է խիստ կողմնորոշվելու խնդիր: Եթե շատ նորաստեղծ կուսակցություններ ունեն կայանալու խնդիր, ինչու չէ նաև հետագայում ավելի մեծ ընտրություններին իրենց փորձը ձեռք բերելու խնդիր, սա նաև սերնդափոխություն եմ համարում։ Երիտասարդ թեկնածուների կարիքը կա, բայց՝ բանիմաց ու քաղաքականապես հասուն երիտասարդ թեկնածուների»,- ասաց Բաղրամյանը:
Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նաև լրագրողական ակտիվ պայքարով։ Նախ` ԳԱԼԱ կուսակցությունը, որը նույնպես մասնակցության հայտ է ներկայացրել, պայքարին կմասնակցի 24 թեկնածու ունեցող ցանկով` կուսակցության նախագահ, նույնանուն հեռուստաընկերության տնօրեն Վահան Խաչատրյանի գլխավորությամբ: ԳԱԼԱ-ի կազմում, բայց առանց կուսակցական պատկանելության, պայքարին կմասնակցի Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Այսքանով լրագրողական պայքարն ավարտված չէ՝ ՀԱԿ-ի 22 թեկնածուներին գլխավորում է «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա (Սյուզի) Մեխակյանը:
Մինչ քաղաքական ուժերը կպատրաստվեն թեժ աշնան՝ գյումրեցիներին մի-մի գործարան, ասֆալտած ու լուսավոր փողոց խոստանալով, Գյումրին Ռիո դարձնելու, բայց դեռևս «Նոր Վասյուկիի»` մեկը մեկից «կատարյալ» ծրագրերով, գյումրեցին ընտրության առջև է կանգնելու: Պատահական գյումրեցու հարցրի. «Պապի՛, ի՞նչ է սպասվում»: «Է՜, աղջիկ ջան, հմի ես չեմ, դու ես՝ ու՞մ ընտրեմ՝ որդու՞ս, եղբորս տղուն, թե հարևանի կնգան: Ընտրությունը բարդ է»,- կատակեց գյումրեցի պապը:
Նշենք, որ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փաստաթղթերի ընդունման գործընթացն ավարտեց օգոստոսի 28-ին, 18:00-ին: Այս ընթացքում «պայքարելու» համար իրենց փաստաթղթերն էին ներկայացրել «Ալյանս» կուսակցությունը՝ ավագանում 23 թեկնածուի ցուցակով, որը գլխավորում է Արմեն Բադալյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17 թեկնածու՝ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն` 49 թեկնածուով՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, «Գյումրեցու ոգի»-ն՝ 16 թեկնածուով՝ Արմեն Ներսիսյանի գլխավորությամբ, ԳԱԼԱ-ն՝ 24 թեկնածուով՝ Վահան Խաչատրյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն՝ 33 թեկնածուով՝ Աշոտ Կուրղինյանի գլխավորությամբ, «Հայկական վերածնունդը»` 90 թեկնածուով՝ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ը` 22 թեկնածուով՝ Եպրաքսյա (Սյուզի) Մեխակյանի գլխավորությամբ, «Գործարար» կուսակցությունը՝ 16 թեկնածուով՝ Գեղամ Բաղդասարյանի գլխավորությամբ, «Համախմբում» կուսակցությունը՝ 33 թեկնածուով` Հովհաննես Ասոյանի գլխավորությամբ: