ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից»,- գրել է Մարտիրոսյանը։
Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հսկող դատախազի որոշմամբ՝ կիրառվել է բացակայելու արգելք։ Միաժամանակ, դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան:
Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Չնայած դրան՝ ապրիլի 13-ին նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։