Բա ինչո՞ւ 10 տարի առաջ չէիր հրավիրում Մատաղիս. Սերժ Սարգսյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը. Արխիվային լուսանկար
Սարգսյանը նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը»` պաշտպանության տակ առել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Մատաղիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած արտահայտություններին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի գրասենյակը։
«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ։ Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը»,–ասել է Սարգսյանը:
Պատրաստ եմ քարտեզներն ինձ հետ տանել և Ալիևին կոչ եմ անում բերել բոլոր գերիներին. Փաշինյան
Նա նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը», պաշտպանության տակ առել նրան, և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են իրենց, իր մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:

««Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան»,–ասել է Սարգսյանը:

Նա Ալիևին ասել է, որ ինքը Հայաստանում հիմա լավ գործընկեր ունի, թող նրան հրավիրի, քանի ժամանակ ունի։
«Մենք գնալու ենք աղաչողի դերում». Քոչարյանը` Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին
«Իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,–ասել է ՀՀ 3–րդ նախագահը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մատաղիս գյուղ կատարած այցի ժամանակ (44-օրյա պատերազմի ընթացքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ և վերանվանվել է Սուգովուշան – խմբ.) արձագանքել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։
Օրերս Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ, «Ալիևն ավելի շուտ իր ականջի հետևը կտեսներ, քան Շուշին ու Հադրութը։
Ալիևը Սերժ Սարգսյանին մեղադրել է դասալքության մեջ ։ Նրա խոսքով ՝ Սարգսյանը լքել է Ստեփանակերտը, երբ քաղաքը վտանգի տակ է եղել։