Փաշինյանի հայտարարությունները կաշկանդում են Ծառուկյանի գործը քննող դատավորին․ Սուրենյանց
18:22 14.10.2026 (Թարմացված է: 18:39 14.10.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ` Հայաստանում երբեք այսքան քաղբանտարկյալ չի եղել, իսկ գործող իշխանությունների վարած հակաիրավական քաղաքականությունն աննախադեպ է։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն արդեն կաշկանդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանին` անկախ արդարադատություն իրականացնելու հարցում։ Հայաստանում քաղաքական հետապնդումների թեմայով պանելային քննարկման ժամանակ այս հայտարարություն արեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց` վարչապետն առիթը բաց չի թողնում, որ անդրադառնա Ծառուկյանի նկատմամբ նախկինում հարուցված ընտրակաշառքի գործին ու միշտ քննադատում է այդ գործով կայացված դատավճիռը։ Վերլուծաբանը հիշեցրեց, որ ընտրակաշառքի գործով քննությունը տևեց շուրջ հինգ տարի՝ 2020–2025 թվականներին, և ավարտվեց արդարացման դատավճռով։
«Հիմա ցանկացած մարդ, որը քննում է Ծառուկյանի գործը, կաշկանդված է։ Օրինակ՝ եթե խափանման միջոցը փոխի կամ արդարացման ակտ կայացնի, էլի Նիկոլ Փաշինյանը հայտնվելու է էկրաններին, ասի՝ կաշառակեր է։ Այսինքն՝ դատավորն ի սկզբանե կաշկանդված է»,– ասաց Սուրենյանցը։
Նա հավելեց`գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունները կարող են ազդել դատավորների անկախության վրա և խախտում են անմեղության կանխավարկածը։
Սուրենյանցն անդրադարձավ նաև Ծառուկյանի փաստաբանների հրապարակած տեսանյութին, որում գործարարը զրուցում է իրանցի գործարարների հետ (նոր քրգործը կապված է իրանցի գործարարների հետ իրականացվելիք համատեղ ծրագրերի հետ, որոնց համար Ծառուկյանը տրամադրել է 14,5 մլն դոլար)։ Նա նշեց, որ այդ տեսանյութը ցույց է տալիս քրեական գործի անհիմն լինելը։ Սուրենյանց նշեց` գործարարները չեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, և այս իրավիճակում Ծառուկյանը պետք է ունենար տուժողի, ոչ թե մեղադրյալի կարգավիճակ։
Սուրենյանցը քրեական գործը քաղաքական հետապնդում որակեց` իշխանություններին մեղադրելով նաև Ծառուկյանի սեփականության նկատմամբ ոտնձգությունների և նրա դեմ տեղեկատվական արշավ իրականացնելու մեջ։
ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ հայտարարեց, որ Հայաստանում տոտալ կերպով խախտվում են մարդու իրավունքները, և դա արդեն համակարգային բնույթ է կրում։
«Մարդու իրավունքների խախտումները կարծես թե դարձել են այս իշխանությունների այցեքարտը։ Կարևոր է հիշատակել այն հանգամանքը, որ այս խնդիրների մասին միայն մենք չենք բարձրաձայնում. դա չի վրիպում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աչքից, որի զեկույցում անդրադարձ է կատարվում սելեկտիվ արդարադատությանը։ Հանկարծ մեկը շշկռվի ու օգտվի խոսքի ազատությունից՝ հայտնվում է ՔԿՀ-ում»,- նշեց Վարդանյանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ` Հայաստանում երբեք այսքան քաղբանտարկյալ չի եղել, իսկ գործող իշխանությունների վարած հակաիրավական քաղաքականությունն աննախադեպ է։
«Քաղաքական հետապնդումներն աբսուրդի աստիճանի են հասել. մարդիկ կան, որոնք ոչ թե գրառման, այլ պարզապես «լայքելու» համար են հետապնդվում։ Ավետիք Իշխանյանը մահացել է 3-4 տարի առաջ, սակայն մի քանի տարի առաջ արված նրա գրառումը հավանելու համար մարդկանց քրեական գործով ԱԱԾ են կանչում։ Ինչքա՞ն պարապ պետք է լինի ԱԱԾ-ն. մենք հասել ենք խելահեղության այնպիսի աստիճանի, որն անհրաժեշտ է կանգնեցնել»,- շեշտեց Կարապետյանցը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էլ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններին։ Նրա խոսքով՝ օրեր առաջ եղել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, և արձանագրված պատկերը խայտառակ է։ Ըստ նրա՝ ԱԱԾ մեկուսարանի խցերն այնքան նեղ են, որ հնարավոր չէ անգամ ձեռքերն ամբողջությամբ բացել. լայնությունը 1.7 մետր է, իսկ երկարությունը՝ 5 մետր։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։