Ախպոր պես եմ ընդունել. Գագիկ Ծառուկյանի և իրանցիների զրույցը հափշտակված փողերի մասին
10:20 12.10.2026 (Թարմացված է: 11:09 12.10.2026)
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշել է` իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալները վերածվել են տուժողի։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը զրուցում է տուժող ճանաչված իրանցիների հետ։
Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե նպատակ չի ունեցել բիզնես գործունեություն իրականացնել Իրանի՝ տուժող ճանաչված քաղաքացիների հետ, ցանկացել է ԻԻՀ քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիներից խարդախությամբ գումար հափշտակել և ի վերջո 21 միլիոն դոլար է հափշտակել նրանցից։
«Կադրերն ակնհայտորեն հաստատում են, որ որպես տուժող ներկայացվող իրանցիները Գագիկ Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել։ Ինչպես և պնդում էինք ամբողջ նախաքննության ընթացքում, պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ առ այն, որ իրականում արհեստականորեն որպես տուժող ճանաչվածայդ քաղաքացիները համատեղ բիզնեսը սկսելու համար բացարձակապես որևէ գումար չեն ներդրել, և ամբողջ գումարը ներդրել է Գագիկ Ծառուկյանը»,– գրել է փաստաբանը։
Սարգսյանը հայտնել է, որ Արման Օլամային ներկայացել է որպես Իրանի պետական ներկայացուցիչ՝ նշելով, որ բազմաթիվ ապրանքներ ՀՀ ներմուծելու բացառիկ լիցենզիաներ ունի` տրված Իրանի պետության կողմից, որ կարող է անհամեմատ էժան ու ձեռնտու գներով այդ ապրանքը ներմուծել և ՀՀ-ում վաճառել համատեղ շահույթ ստանալու համար, ուստի փոխադարձ համաձայնությամբ բիզնես գործունեության համար անհրաժեշտ ամբողջ գումարը ներդրել է Գագիկ Ծառուկյանը, իսկ ԻԻՀ-ից ապրանքի մատակարարումը և բիզնեսի վարումը պետք է իրականացներ Արման Օլամային՝ իր վստահելի անձանց միջոցով:
Այդ նպատակով ստեղծվել է «ԻՐԱՆ- ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանել է «ՄՈւԼՏԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը, իսկ 50 տոկոսը՝ Օլամայիներին պատկանող իրանական «ՓԱՐՍ ՀԵԼԱԼ» ընկերությանը, որի գործադիր տնօրեն նշանակվել է Արման Օլամայի հոր՝ մյուս տուժող Հաջիալի Օլամայիի մտերիմ ընկեր և նրանց վստահելի անձ՝ Համլետ Թումանյանը։
Ստեղծվել են նաև այլ ընկերություններ, այդ թվում՝ «ԵՎՐԱՍԻԱ ՄՈւԼՏԻ ԹՐԵՅԴ ՔՈՄՓԱՆԻ», «ԵՎՐԱՍԻԱ ՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերությունները, որոնց 50 տոկոս բաժնեմասը պատկանել է Արման Օլամային, 50 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, իսկ գործադիր տնօրեն ևս նշանակվել է նրանց վստահելի անձ Համլետ Թումանյանը։
Ներկայացված տեսանյութում Գագիկ Ծառուկյանը թարգմանչի ներկայությամբ խոսում է տուժողներ ճանաչված Հաջիալի և Էրֆամ Օլամայիների հետ և հայտնում, թե որքան է հավատացել նրանց, որ Արման Օլամայիին եղբոր պես է ընդունել ու ընդունում, որ անվերապահորեն հավատացել է նրանց, որ իրանական պետության ներկայացուցիչներն են, առավել ևս, որ իրեն հրավիրել են Իրան և մեծ հարգանքով ընդունելության արժանացրել, հանդիպումներ կազմակերպել բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների հետ և այլն, որ իր նպատակն է եղել հայ-իրանական հարաբերությունների խորքային զարգացումը։
Ծառուկյանը հստակ նշում է, որ ո՛չ Համլետ Թումանյանին է ճանաչել, ո՛չ էլ Արման Օլամային, որ նրանք առաջին օրվանից, երբ եկել են իր մոտ, ներկայացել են որպես Իրանի պետության ներկայացուցիչներ, դրա համար էլ նրանց անմնացորդ վստահել է։
Նա նաև նշում է, որ ամբողջ գումարն ինքն է ներդրել, որ Արման Օլամային նույնիսկ մի կոպեկ չի ներդրել, իսկ երբ ինքն Արմանին ասել է, որ գոնե գումարի 10%-ը նա ներդնի, Արման Օլամային ասել է, որ ինքը գումար չունի։ Այդքանով հանդերձ` Ծառուկյանը հիմնադրված ընկերության 50% բաժնեմասը գրել է Արման Օլամայիի անվամբ։
Իրանցիների հետ զրույցի ընթացքում գործարարը հայտնում է, որ ցեմենտի և յուղի գործարաններ կառուցելու և այլ առանձին բիզնեսների համար գումար է տվել, բայց իրեն խաբել են և որևէ աշխատանք չեն կատարել։ Նա նշում է, որ իրեն նույնիսկ թույլ չեն տվել, որ այդ բիզնեսները վերահսկելու համար իր վստահելի գոնե մեկ մարդ նշանակի, որպեսզի ապրանքների հոսքին ու գումարների շարժին հետևի, պատճառաբանել են, թե իրենք պետական կառույց են, որ իրենք այդ ամբողջը կանեն։
Ծառուկյանը հայտնում է, որ բանկից 7 միլիոն դոլար վարկ է վերցրել և ներդրել այդ բիզնեսում, որ ևս 7,5 միլիոն դոլար էլ իր միջոցներից է ներդրել՝ ընդհանուր 14,5 միլիոն դոլար։
Նա ասում է, որ 2024 թվականի հունվարին համատեղ բիզնեսի վերաբերյալ տրված հաշվետվության համաձայն՝ ընդհանուր շահույթը կազմել է 23 միլիոն դոլար, սակայն այդ գումարը չի եղել, իսկ Արման Օլամային Ծառուկյանին խնդրել է, որ իրեն մինչև մարտ ամիս ժամանակ տա, որպեսզի ինքը ամբողջ գումարը վճարի։
Ծառուկյանը հայտնում է, որ ամբողջ պայմանավորվածությունը ունեցել է Արման Օլամայիի հետ, որ վերջինս Իրանից գալով իր հետ փաստաթուղթ է բերել, որը ստորագրել են նաև խոսակցությանը ներկա Հաջիալի և Էրֆան Օլամայիները (խոսքը երաշխավորության պայմանագրի մասին է, որով Օլամայիները հավաստիացրել են, որ պարտավորվում են վերադարձնել այդ ամբողջ գումարը), ինչպես նաև հայտնում է, որ իրենք 23 միլիոն դոլար գումար են աշխատել և գրել են, որ 7 և 7․5 միլիոն դոլարը՝ 14․5 միլիոն դոլարը, իր ներդրած գումարն է, իսկ մնացած 8,5 միլիոն դոլարը եղել է իրենց ընդհանուր գումարը, որը պետք է հավասար՝ 4․25-ական միլիոն դոլար բաժանվեր իր և Արման Օլամայիների միջև։
Ծառուկյանը հիշեցնում է` Արման, Հաջիալի և Էրֆամ Օլամայիները փաստաթուղթ են ստորագրել, որ պարտավորվում են վերադարձնել այդ գումարը։ Ինքն էլ նրանց ասել է, որ եթե իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվել, ապա կարող են աշխատանքով փակել, իսկ Օլամայիներն էլ պարտավորվել են համատեղ աշխատանքից ստացվող գումարներով վճարել այդ գումարը։
Գործարարը հայտնում է, որ ինքը տեղեկացել է, որ Հայ-իրանական առևտրի կենտրոնի համար Օլամայիները Իրանում տարբեր կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքել, գումարներ են ստացել, սակայն իրեն խաբել են ու գումար չեն տվել։
Նա ընդգծում է` ինքն ընդամենը ցանկանում է, որ Արման Օլամայիի հայրը՝ Հաջիալի Օլամային, լսի այս ամենը և ինքը որոշի, թե ինչ պետք է անեն հետագայում, քանի որ Արման Օլամային իրեն խաբել է և գումարներ է «գցել», դրա համար էլ եթե նրանք ցույց չտան, թե որտեղ են այդ գումարները, ինքն այլևս որևէ գումար չի ներդնի։
Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ ինքն այս ամենի մասին հենց Հաջիալի Օլամայիին է ասում, քանի որ շատ է հարգում նրան, իսկ Արմանը ժամանակացույց է գրել, թե ինչ ժամկետներում է իր գումարները վճարելու, սակայն չի վճարել, դեռ մի բան էլ, երբ Հայաստան է եկել, փորձել է այնպես անել, որ ինքը դրա մասին չիմանա։
Այս ամենը լսելուց հետո Հաջիալի Օլամային ասում է` իրենք ընդունում են, որ համատեղ բիզնեսի համար Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ արել է շատ բարձր մակարդակով, որ դրանք իրենք անձամբ են տեսել և որ դրանք իրենց ներկայացնելու կարիք չկա։
Ավելին` հստակ ընդունում է, որ ամբողջ բիզնես գործունեությունն իրենք են կազմակերպել և որ պատրաստ են կատարած աշխատանքի մանրամասները ներկայացնել Գագիկ Ծառուկյանին։
Նաև հստակ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի գումարներն իրենց մոտ ի պահ է և որ իրենք ամեն ինչ անելու են, որ նա մեկ կոպեկ չտուժի։
«Վերջում ցանկանում եմ մեկ հարց տալ՝ ինչպե՞ս կարող են Իրանի քաղաքացիները տուժող լինել, և ինչպե՞ս կարող է Գագիկ Ծառուկյանը նրանցից 21 միլիոն դոլար հափշտակած լինել, եթե նրանք ևս այդ խոսակցության ժամանակ ընդունում են, որ Գագիկ Ծառուկյանի 14․5 միլիոն դոլար գումարն է իրենց մոտ ի պահ։ Ավելին` եթե իրականում Գագիկ Ծառուկյանն է նրանցից 21 միլիոն դոլար գումար հափշտակել, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ այդ ամբողջ խոսակցության ընթացքում Իրանի քաղաքացիները գոնե մեկ անգամ Գագիկ Ծառուկյանին չասեն, որ ոչ թե իրենք են նրան պարտք, այլ Ծառուկյանն է իրենց գումարները հափշտակել։ Իհարկե, որպես տուժող ճանաչված անձանց կողմից ստորագրած պարտավորագրերով և երաշխավորագրերով ևս հաստատվում է, որ նրանք են հափշտակել Գագիկ Ծառուկյանի գումարները և մինչև օրս չեն վերադարձրել»,– գրել է փաստաբանը։
Նա հավելել է` իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալներ՝ Իրանի քաղաքացիներն արհեստականորեն վերածվել են տուժողի։
«Այլ կերպ ասած՝ բավարար չէ, որ Իրանի քաղաքացիները 14․5 միլիոն դոլար են հափշտակել Գագիկ Ծառուկյանից, դեռ մի բան էլ ՀՀ իրավապահ մարմիններն այնպես են ուզում անել, որ ևս 21 միլիոն դոլար էլ դատարանը Գագիկ Ծառուկյանից բռնագանձի հօգուտ Իրանի այդ քաղաքացիների։ Ինչ խոսք, շատ «արդար է»․․․»,– եզրափակել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։