8 քաղաքական ուժ դատապարտել են Ծառուկյանի դեմ բռնաճնշումները` աջակցություն հայտնելով նրան
21:38 06.07.2026 (Թարմացված է: 21:42 06.07.2026)

Խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանը
© Sputnik
Բաժանորդագրվել
Նրանք կոչ են արել Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ անհապաղ տալու տեղի ունեցող իրադարձությունների սկզբունքային գնահատականը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը, ճնշելու հանրային անհամաձայնության ցանկացած դրսևորում և վախի մթնոլորտ ձևավորելու կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին։
Այդ մասին նշված է 8 քաղաքական ուժի` Հայ Հեղափոխական Դաշնակցության, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման, «Հայ ազգային կոնգրես», «Հայաստանի հանրապետական կուսակցության», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Մայր Հայաստան», «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» կուսակցությունների այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ։
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
Ընդդիմադիր այս ուժերը դատապարտում են Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկությունները` աջակցություն հայտնելով Ծառուկյանին և վերահաստատելով, որ քաղաքական հայացքների, ընդդիմադիր գործունեության կամ քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետությունում. դա մարտահրավեր է ողջ հասարակությանը:
«Տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն։ Քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց թիվն օրեցօր աճում է»,– նշված է հայտարարության մեջ։
Քաղաքական ուժերն իրենց հայտարարության մեջ համոզմունք են հայտնել, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում իր բուն շարժառիթներ` հետապնդումների մեկնարկի հրահանգը հնչեցնելով նախընտրական հանրային հավաքներից մեկի ժամանակ` սպառնալով ունեզրկել ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության ղեկավարին։
«Նման գործելաոճը ծանր հարված է հասցնում ոչ միայն երկրի քաղաքական համակարգին, այլև տնտեսությանը։ Սեփականության իրավունքի ոտնահարումը, խոշոր ձեռնարկատերերի տնտեսական գործունեության նկատմամբ ճնշումները և իրավապահ մարմինների օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք անխուսափելիորեն կհանգեցնեն գործազրկության աճի, ներդրումային միջավայրի հետագա վատթարացման և տնտեսական անկայունության խորացման»,– ընդգծել են քաղաքական ուժերը։
Նրանք համոզված են, որ ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ անհրաժեշտ է ընդդիմադիր և հասարակական բոլոր ուժերի, ինչպես նաև ամբողջ հասարակության համախմբումը։
Քաղաքական ութ ուժերը նաև կոչ են անում Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ անհապաղ տալու տեղի ունեցող իրադարձությունների սկզբունքային գնահատականը և հրապարակայնորեն արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների ոտնահարման և իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների վերաբերյալ։
«Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե քաղաքական բռնաճնշումներ, այլ իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, քաղաքական բազմակարծություն և ազգային համախմբում։ Մենք հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից իրականացվող այս աննախադեպ ռեպրեսիվ արշավը չի կարող կոտրել կամ կանգնեցնել ընդդիմության և Հայաստանի հասարակության արդարության, ազատության, ժողովրդավարության և պետականության պահպանման համար մղվող պայքարը»,– վստահեցրել են նրանք։
Համատեղ հայտարարության մեջ նաև նշված է, որ ընդդիմադիր ուժերը շարունակելու են բացառապես օրինական և քաղաքական միջոցներով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, ՀՀ սահմանադրական կարգը, ազգային շահերը և հայկական պետականության ապագան։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։