Աստվածային սոսկալի պատիժ է լինելու. հայր Ասողիկը` կաթողիկոսի դեմ գործողությունների մասին
18:54 14.02.2026 (Թարմացված է: 22:13 14.02.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Հայ Ասողիկն ընդգծել է` Հայոց հայրապետի սուրբ օծության և աստվածարյալ վեհապետության հանդեպ նողկալի ոտնձգությունը ստանալու է իր արդար վճիռը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Համաշխարհային կարգի խայտառակություն, համազգային ողբերգություն և խարան բոլորի ճակատին և հոգուն։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն այսպես է արձագանքել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ որոշ շրջանակներ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու նպատակ ունեն, իսկ ինքը դա ոչ մի դեպքում թույլ չի տա։ Փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր հայտնեց, որ ՀՀ դատախազությունը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Փաստաբանի խոսքով` այս գործողությամբ խոչընդոտվում է Եպիսկոպոսած ժողովի անցկացումը։
«Հայոց հայրապետի սուրբ օծության և աստվածարյալ վեհապետության հանդեպ այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև աստվածային սոսկալի պատիժը»,– գրել է հայր Ասողիկը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։
Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ
Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ