ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Գյումրիում նոյեմբերի սկզբին շահագործման կհանձնվի Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոնի այն հատվածը, որտեղ կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները: Ներկայում մեծածավալ շինարարություն է ընթանում Սպասարկման կենտրոնի համար հատկացված 21,5 հա տարածքից 6 հեկտարում, որտեղ կատարվելու են ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Կառույցը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով և արդի լուծումներով: Գյումրիի ավտոմաքսատունը ծառայություններ է մատուցելու մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն, կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունների տեղափոխումը Գյումրի կազմակերպվելու է փուլ առ փուլ:
Ո՞վ կկառուցի Գյումրիի մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»
Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 14-ից Գյումրիում գտնվող ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումների գործընթացը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին, բացառությամբ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաների: (Սակայն, եթե մեքենաները սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա մաքսային ձևակերպումներն իրականացվում են Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում):
Երկրորդ փուլով արդեն՝ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից` ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս՝ որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն վարչությունը:
Փաշինյանը կրկին Գյումրիում է. ինչպես են ընթանում ավտոմաքսատան շինաշխատանքները. տեսանյութ
Այստեղ պատրաստ են առանց հերթի օրական սպասարկել 350-400 մեքենա: Մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացն այստեղ ևս տևում է 20 րոպե: Գործընթացը կազմակերպվում է ստորաբաժանման կազմում գործող 3 բաժինների միջոցով:
Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ:
Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ ներկայացրած նախագծին, որով հատկացվել է 21,5 հա հող՝ կենտրոնի կառուցման նպատակով: Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանձնարարել էր առաջարկություն ներկայացնել ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:
Այդ ընթացքում ՊԵԿ-ը մշակել և հավանության արժանանալուց հետո կոմիտեի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառել է համապարփակ նախագիծ` Գյումրիում կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ կիրականացվի նաև ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն ամբողջությամբ:
Որքան կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ-ից
Կենտրոնի համար նախատեսված տարածքը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման և արտահանման զգալի մասը:
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 19–ին այցելել է Գյումրի, որտեղ շրջայց է կատարել Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածքում, ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: