ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մատուցողի աշխատանքը ցանկացած երկրում, այդ թվում` Հայաստանում, համարվում է լավ «փող բերող»։ Թեև աշխատավարձը, որպես կանոն, բարձր չէ, բայց ընդհանուր եկամուտը թեյավճարների հետ լավ գումար է կազմում։
Սակայն այս աշխատանքը նաև բացասական կողմեր ունի։ Նախ, մատուցողները մի քանի ժամ շարունակ անցկացնում են ոտքի վրա։ Երբեմն նրանք ստիպված են յոթ-ութ ժամ շարունակ ծանր սկուտեղներն այս ու այն կողմ տանել։ Բնականաբար, ոտքերի ու մեջքի ցավը գրեթե անխուսափելի է։ Հետո էլ մատուցողները ընդունված հանգստյան օրերին գրեթե երբեք ազատ չեն լինում, քանի որ շաբաթ–կիրակին ռեստորանների ու սրճարանների համար ամենածանրաբեռնված օրերն են։
Մենք զրուցել ենք մի աղջկա հետ, որը մոտ չորս տարի մատուցող է աշխատել Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկի ռեստորանում, նաև մի երիտասարդի, որն արդեն վեց տարի է նույն աշխատանքով է գումար վաստակում։
Շռայլություն, չնայած դաստիարակության պակասին
Մեր զրուցակիցը մատուցողի աշխատանքի դրական կողմերից է համարում մարդկանց հետ շփումը։
«Ամեն օր նոր մարդկանց ես հանդիպում, ծանոթություններ ես ձեռք բերում։ Ես պարբերաբար հաճախորդներից հուշանվերներ էի ստանում։ Նրանցից ոմանց հետ մինչ այժմ էլ շփվում եմ», – ասում է աղջիկը։
Նրա խոսքով` լավ հաճախորդն առաջին հերթին կիրթ ու դաստիարակված մարդն է, որը նաև շռայլ թեյավճար է թողնում։
Նա ցավով նշում է, որ հաճախ են կոպիտ ու անդաստիարակ մարդիկ հանդիպում, իսկ մատուցողը, կանոնների համաձայն` պարտավոր է ժպտալ։
«Տեղի հայերը որպես կանոն լավ թեյավճար են թողնում, բայց հաճախ կարող են իրենց չափազանց անհարգալի վերաբերմունքով հունից հանել սպասարկող անձնակազմին։ Ի դեպ, տեղացիների ու սփյուռքահայերի միջև ահռելի տարբերություն կա», – ասում է մեր նա։
Ինչ վերաբերում է հայուհիներին` նախկին մատուցողը նրանց պայմանական երկու խմբի է բաժանում։ Առաջին խմբում են կիրթ, լավ դաստիարակված կանայք, որոնք սովորաբար սիմվոլիկ թեյավճար են թողնում։ Երկրորդում` հիմնականում ունևոր տղամարդկանց ընկերուհիներն են, որոնք անձնակազմին արհամարհանքով, նույնիսկ ծաղրանքով են վերաբերվում, հրամայական տոնով են խոսում։ Բայց նման հաճախորդները հաճախ շռայլ թեյավճար են թողնում։
Մեր զրուցակցի խոսքով` ամենավատ հաճախորդը ամեն ինչից դժգոհ հաճախորդն է։
«Լինում է, որ հյուրը չի հավանում ուտելիքը, բայց մթնոլորտն ու սպասարկումը նրա սրտով է, հակառակն էլ է պատահում։ Սակայն կան հաճախորդներ, որոնք միշտ ամեն ինչից դժգոհ են, ինչ ուզում ես` արա, նրանց չես գոհացնի»,– ասում է աղջիկը։
Բացի այդ, մատուցողները չեն սիրում կռվարար մարդկանց, խոհարարության կեղծ գիտակներին, չկայացած էսթետներին, և, իհարկե, ժլատ մարդկանց։ Ժլատներին ամենաշատը չեն սիրում...
Համակրանքն ամենակարևորն է
Մեր մյուս զրուցակիցը, որը ծագումով Երևանից է, գրեթե 6 տարի է մատուցող ու մենեջեր է աշխատել մայրաքաղաքի ամենատարբեր հաստատություններում` ոչ թանկ ռեստորաններից մինչև փաբեր։ Բայց երեք տարի առաջ նա տեղափոխվեց Գյումրի ու աշխատում է քաղաքի ամենաեվրոպականացված սրճարանում։
Նրա կարծիքով` հաճախորդների հետ աշխատանքի մեջ ամենակարևորը հուզական կապն է։ Եթե դա հաջողվեց, աշխատանքն ուրախություն է պարգևում ու թեյավճարի մասին էլ առանձնապես չես մտածում։
«Անձնական համակրանքը ամենակարևորն է։ Երբ հյուրը սիրալիր է, բարեհամբյուր ու դաստիարակված, դու հաճույքով ես գործ անում։ Մի անգամ 40 հոգանոց խումբ էի սպասարկում։ Հաշիվը 300 հազար դրամ էր կազմել։ Նրանք քարտով վճարեցին ու թեյավճար չթողեցին։ Սակայն ես այդքան էլ չվիրավորվեցի, քանի որ նրանց հետ շփվելը հաճույք էր», –ասում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, նա նույնպես կարծում է, որ շփումն ու կոնտակտները ամենալավ բաներն են մատուցողի աշխատանքում։ Երբեմն այս կամ այն հաստատության հաճախորդներն ընկերներ ու, նույնիսկ, գործատու են դառնում։ Սակայն նա խոստովանում է, որ երբեմն լինում են հաճախորդներ, որոնք չեն էլ բարևում մատուցողին։
«Երբեմն մոտենում ես ժպիտով բարևում, իսկ քեզ նույնիսկ չեն պատասխանում կամ թարս են նայում։ Այդ դեպքում տրամադրությունդ միանգամից ընկնում է, արդեն չես ուզում այդ սեղանին մոտենալ»,– ասում է երիտասարդը։
Նա նշեց նաև, որ տարբեր երկրներից եկած հայերը միմյանցից շատ տարբեր են։ Օրինակ` Ռուսաստանի հայերը երկու ծայրահեղություն ներկայացնող հաճախորդներ են։
«Կա՛մ դաստիարակված, հաճելի ու շատ շռայլ մարդիկ են, կա՛մ հակառակը` անհարգալից են ու կարծում են, եթե դրսից են եկել, ապա կարող են արհամարհական վերաբերմունք թույլ տալ, իսկ սպասարկող անձնակազմն ասես ապրիորի նրանց ինչ–որ բան է պարտք»,–ասում է մեր զրուցակիցը։
Հայաստանում ապրող հայերին նույնպես մեր հերոսը երկու խմբի է բաժանում։ Առաջինը կանայք ու տղամարդիկ են, որոնք սիրում են մունաթ գալ մատուցողների վրա ու միշտ ամեն ինչից դժգոհ են։ Իսկ երկրորդ խմբում այն մարդիկ են, որոնք նուրբ ու ընկերասեր են։
«Նրանք ամենասիրելի հյուրերն են, բարեբախտաբար, նրանք շատ ավելի շատ են, քան առաջինները։ Դա ավանդական հակայական ընտանիքների կանայք, ամուսինները կամ տատերն են, որոնք անկեղծ ջերմությամբ քեզ ասում են «տղա ջան», «ջանիդ մեռնեմ»։ Հատկապես Գյումրիում նման մարդիկ շատ են։ Նրանք նաև միշտ լավ թեյավճար են թողնում», – ժպիտով պատմում է մեր զրուցակիցը։
Երիտասարդը պնդում է, որ լավ մատուցողը երբեք առանց թեյավճար չի մնում ու օրական առնվազն 5 հազար դրամ վաստակում է։
Վրդովված վրացին ու մոռացկոտ աղջիկները
Մեր զրուցակիցն իր պրակտիկայից մի քանի զվարճալի դեպք պատմեց։ Դրանցից մեկը կապված է վրացի կինոռեժիսորի հետ, որը Երևանում էր ու որոշել էր հարբել փաբերից մեկում։ Շատ էր խմել, իսկ երբ պատվիրել էր կոնյակի հերթական կրկնակի բաժինը, բարմենը (մտածված, թե պատահական) ընդամենը 50 գրամ էր լցրել։
«Չհասցրեցի աչքս թարթել, մեր հյուրը սկսեց կռիվ անել։ Նրանք բարմենի հետ դուրս եկան վիճելու։ Ստիպված էի բաժանել նրանց, իսկ հետո` վրացուն տուն տանել, քանի որ ահավոր հարբած էր։ Այնուհետև պարզվեց, որ նա ալկոհոլային թունավորում է ստացել։ Սպիտված էի ամբողջ գիշեր նրա հետ մնալ։ Երեք անգամ «շտապօգնություն» եմ կանչել։ Նա հաջորդ օրն արթնացավ ու բացարձակ ոչինչ չէր հիշում»,– պատմում է երիտասարդը։
Երկրորդ դեպքը տեղի էր ունեցել Գյումրիում։ Մի աղջիկ սրճարան էր մտել, տեսքից երևում էր, տեղաբնակ չէր, բայց հայ էր։ Նա պարվեր արեց ու գնաց։ Երեք–չորս ժամ անց վերադարձավ արդեն ընկերուհու հետ։ Բազում ուտեստներից բացի նաև երկու շիշ գինի էր պատվիրել։ Երկար նստեցին, հետո ուզեցան եվրոյով վճարել։ Երբ աղջիկներին ասացինք, որ չի կարելի, նրանք խոստացան տարադրամի փոխանակման կետ գտնել ու վերադառնալ։ Գնացին ու այդպես էլ չվերադարձան...
«Պետք է խոստովանեմ, որ շատ էի հավանել նրանց, ու անգամ մտքովս չէր անցնում, որ կարող են նման բան անել։ Ամեն դեպքում ստիպված էի ոստիկանություն դիմել, քանի որ գումարը փոքր չէր (մոտ 200 դոլար), ու ստիպված ես պետք է փակեի։ Թեև դիմում չգրեցի, քանի որ սրճարանի ղեկավարությունը աշխատավարձիցս գումարը չպհաեց», – ժպիտով իր պատմությունն ավարտեց մեր զրուցակիցը։
Նա չի բացառում, որ աղջիկները կարող էին պարզապես մոռանալ, որ չեն վճարել, ու դրա համար իրենց մասին միայն լավն է հիշում։