ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանում այս տարի աճել է արտակարգ պատահարների թիվը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։
Նրա խոսքով` ընթացիկ տարվա հինգ ամիսներին 5981 արտակարգ պատահար է գրանցվել, ինչը 1331–ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ 134 մարդ միջադեպերի զոհ են դարձել, 4791–ը տուժել են։
2384 հրդեհի դեպք է գրանցվել, ինչը 450–ով շատ է 2018–ի ցուցանիշից։ Միայն այս տարվա հունիսին 531 հրդեհ է գրանցվել (2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 82 դեպք)։ Հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել բաց տարածքներում։
Միջոցառումից հետո 4 քաղաքացի աղիքային վարակներին բնորոշ գանգատներով դիմել է հիվանդանոց
«Պետք է զգոն լինել, ապակե տարաներն ու ծխախոտի մնացորդները չնետել նման տեղերում։ Հենց անզգուշությունն է նման դեպքերի հանգեցնում», – ընդգծեց նա։
Ներկայացնելով թունավորումների վիճակագրությունը` Խանգելդյանը նշեց, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում 2097 դեպք է գրանցվել, որի հետևանքով տուժել են 2343 մարդ, մահացել`18–ը։ Նախորդ տարի չորս դեպքով պակաս է եղել։
Ալկոհոլից ու դեղորայքից թունավորվելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, կենցաղային ու արդյունաբերական քիմիական նյութերից թունավորվելու` յոթական դեպք։
«Ամառվա ընթացքում քաղաքացիները պետք է ավելի ուշադիր լինեն մթերքի պահպանման պայմաններին։ Պետք է հետևել երեխաներին ու հսկել նրանց պահվածքը, սնունդը և այլն», – ասաց կենտրոնի պետը։
Նա հորդորեց ուշադիր լինել լողավազանների ու ջրավազանների մոտ։ Դեռ լողալու սեզոնը չբացված` Հայաստանում արդեն խեղդվելու հինգ դեպք է գրանցվել։