ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի բնակիչները երկրի հաջորդ վարչապետի պաշտոնում ՀՀԿ–ից նախապատվությունը տալիս են գործող վարչապետ Կարեն Կարապետյանին և երկրի նախագահի պաշտոնը լքող Սերժ Սարգսյանին։
Դրա վկայությունն են Gallup International-ի հայկական ներկայացուցչության հարցման տվյալները, որոնք այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության հայկական ներկայացուցչության (ООО MPG) տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցախույզի մասնակիցները պատասխանել են այս հարցին. «ՀՀ նոր սահմանադրության համաձայն` վարչապետի դերն ավելի մեծ նշանակություն ունի։ Այս հանգամանքը հաշվի առնելով` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել կառավարության ղեկավարի պաշտոնում»։
Հարցվածների մոտ 30%-ը (շատ քիչ տարբերությամբ) վարչապետի պաշտոնում տեսնում են Կարեն Կարապետյանին և Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի օգտին են պատասխանել հարցվածների 8,6%-ը։
10,9%-ն այլ թեկնածուների են նշել, իսկ 17,2%-ն ասել են, որ ՀՀԿ-ից որևէ մեկին չեն ուզում տեսնել այդ պաշտոնում։ 11,3%-ը դժվարացել են պատասխանել։
Ընդ որում, նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 29,6%-ը, 60,3%-ն ասել են, որ իրենց դուր չի գալիս Սերժ Սարգսյանի գործունեությունը։ Կառավարության աշխատանքը բավարար են համարել 27,6%-ը, 64,1%-ը նշել են, որ բացասական են գնահատում։ Պատկերը գրեթե նույնն է Ազգային ժողովի աշխատանքի հարցում (69,9%-ը հավանություն չեն տալիս)։
Բացի այդ, հարցվածների մեծ մասն (70,9%) ասել են, որ իշխանությանը չեն վստահում (որից 23,4%-ը «ավելի շատ չեն վստահում, քան վստահում են», ևս 47,5%-ը «ընդհանրապես չեն վստահում»)։
Ընդդիմությունը նույնպես չի կարող պարծենալ բնակչության վստահությունը վայելելու հարցում։ Մասամբ կամ ընդհանրապես ընդդիմությանը չեն վստահում հարցվածների 69,9%-ը։
Հարցին, թե ընդդիմադիր գործիչներից վարչապետի պաշտոնում ո՞ւմ կցանկանայիք տեսնել, հարցվածների 26,5%-ը պատասխանել են` «Գագիկ Ծառուկյանին» («Ծառուկյան» դաշինքի ղեկավար)։
Ծառուկյանին հաջորդում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը (15,3%), այնուհետև «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որին 10,5 տարվա ազատազրկման են դատապարտել (5,6%)։
Հնգյակը եզրափակում են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը (4,9%) և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը (3,1%)։
«Ոչ ոքի» տարբերակն ընտրել են 11,8%-ը, ևս 20,5%-ը դժվարացել են պատասխանել հարցին։
Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է մարտի 22-30-ը ՀՀ ամբողջ տարածքում։ Հարցմանը մասնակցել են 1120 մարդ։