ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2018-2024թթ-ին երկրի զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը, որը, ինչպես համարում են փորձագետները, հարմարեցված է նոր մարտահրավերներին և սպառնալիքներին։
Ծրագիրը հիմնված է կանխատեսման վրա, որի համաձայն նշված շրջանում կշարունակվի միջազգային հարաբերությունների ոլորտում մթնոլորտի թուլացման միտումը, կպահպանվեն աշխարհաքաղաքական հակասությունները, կոնֆլիկտայնությունը չի նվազի, ինչը կարող է նպաստել անկայունության նոր օջախների ձևավորմանը, որոնք բացասական են ազդում Հայաստանի անվտանգության վրա։
Կպահպանվեն Հարավային Կովկասում և տարածաշրջանի շուրջ հակամարտությունները, ահաբեկչության վտանգը, անհանդուրժողականության մթնոլորտը, անվտանգության տարբեր կառույցներում երկրների ինտեգրման գործընթացը։
Տեքստում նշվում է, որ Արցախում հակամարտության վերջնական կարգավորման հնարավորությունը ցածր է` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմականացման գործընթացը և «սպառազինությունների մրցավազք» պարտադրելու փորձերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության մշտական պահպանումը։
Հեղինակները նաև կարծում են, որ Ադրբեջանում հնարավոր լարվածությունը, սոցիալական ընդվզումները կարող են Արցախում ռազմական գործողությունների վերսկսման պատճառ դառնալ, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը։
Այդ պայմաններում 2018-2024թթ-ին Հայաստանը նախատեսում է պահպանել և զարգացնել իր զինված ուժերը հասանելի ռուսուրսների շրջանակում։
«Հայաստանը կընդլայնի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ինչպես երկկողմանի ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում` դիտարկելով դա որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ», — նշվում է ծրագրում։
Բացի այդ, նախատեսվում է զարգացնել ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և այլ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակում։
Երևանը հարևան գործընկեր երկրների հետ կշարունակի հավասարակշիռ բարիդրացիական հարաբերությունների քաղաքականությունը, այդ թվում` տարանցման ուղիների բազմազանեցման, դրանց անխափան գործունեության ուղղությամբ։
«Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բացակայությունը` տրանսպորտային ուղիների շրջափակումը կպահպանվի», — ասվում է փաստաթղթում։
Երևանը կզարգացնի նոր տեխնոլոգիաների վրա հիմնված գիտատար տնտեսական ճյուղեր և պաշտպանական ծախսերին կհատկացնի ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը։
Առաջիկա 7 տարիների ծրագրերում են նաև ժողովրդավարական բարեփոխումները, սոցիալական և ժողովրդագրական իրավիճակների բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը» Միջոցներ կձեռնարկվի նաև բանակում ծառայության գրավչության ուղղությամբ
«Հայկական ԶՈւ-ն պետք է ունակ լինի ռազմաքաղաքական և ռազմական գործիքակազմով զսպելու ռազմական լայնածավալ գործողությունների վտանգը։ Պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման` օգտագործելով առկա ռազմաքաղաքական պաշարները, արդիականացված զինանոցը և կատարելագործված մարտական վարպետությունը», — նշված է փաստաթղթում։
Արդիականացման նպատակների շարքում զսպման մեխանիզմների համակարգի, արդյունավետ ռազմական կառավարման և կատարելագործված մարտական վարպետության համակարգի ստեղծումն է` հիմնված անձնակազմի կառավարման համակարգի կրթական չափանիշների և արժանիքների, ռեսուրսների թափանցիկ և արդյունավետ կառավարման, ռազմարդյունաբերական համալիրի կայացման վրա։
Նշվում է նաև զինվորական ծառայության այլընտրանքային որոշումների և պահեստային ակտիվ զորքերի, սոցիալապես ապահովված զինվորական ծառայության, բանակի և հասարակության միջև վստահության մասին։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց ՊՆ ծրագրի մասին։
«Սա փոփոխությունների ծրագիր է, որը հիմնված է նոր իրողությունների վրա։ Վերաբերում է տեխնոլոգիական զարգացմանը, սպառազինությունների նոր միջոցների հայտնվելուն, առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի, հատուկ ստորաբաժանումների ստեղծմանը, կիբեռպատերազմին», — ասաց Նահապետյանը։
Նրա խոսքով` դրանք պատերազմ վարելու նոր մեթոդներ են։ Հետևաբար, յուրաքանչյուր պետություն, գնահատելով իր հնարավորությունները, առաջարկում է համալիր ծրագիր` հնարավոր սցենարներին նախապատրաստվելու համար։
Նահապետյանի խոսքով` բնականաբար ծրագիրը ենթադրում է որոշակի ծախսեր, որոնք յոթ տարվա ընթացքում պետք է հաշվի առնվեն կառավարության կողմից բյուջեն կազմելիս։
«Վերջին շրջանում շատ է խոսվել պատրաստվող ծրագրի մասին։ Հիմա դրա հրապարակումը կարող է որոշակի քարոզչական ազդեցություն ունենալ», — նշեց Նահապետյանը։
Նրա խոսքով` հակառակորդին ցույց են տալիս, որ փոխվում է ԶՈՒ մարտավարությունը մարտական խնդիրներ առաջադրելու, պրոֆեսիոնալ պատրաստվածությունը բարձրացնելու, ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու առումով։
Տվյալ պահին Հայաստանը փաստացիորեն երկու հակառակորդ ունի, մեկը բնականաբար Ադրբեջանն է, որի հետ Հայաստանը և Արցախը սառեցված հակամարտություն ունեն` հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով։ Մյուսը Թուրքիան է, որը փակել է Հայաստանի հետ սահմանը և աջակցում է պաշտոնական Բաքվին Երևանի ու Ստեփանակերտի դեմ գործողություններում։