ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Լրագրող Ռոբերտ Կարապետյանի «Լրագրողական հետազոտությունների բյուրո» նախագիծը լավագույնն է ճանաչվել «ՏԷՖԻ-Ռեգիոն 2017» հեռուստատեսային մրցանակի «Հրապարակախոսական ծրագիր» անվանակարգում։ Մրցույթի եզրափակիչ փուլը և հաղթողների պարգևատրման արարողությունը անցկացվել են Տյումենում դեկտեմբերի 1-4-ը։
«Լրագրողական հետազոտությունների բյուրո» հաղորդաշարը 2006թ-ին ստեղծել է լրագրող և պրոդյուսեր Ռոբերտ Կարապետյանը։ Այն արդեն 11 տարի թողարկվում է Եկատերինբուրգի Չորրորդ ալիքով։ Ծրագրի շրջանակում շոշափվում են տարաբնույթ թեմաներ` վայրէջքի ժամանակ տիեզերագնացների տեխնիկական փրկությունից մինչև կյանքը գործարանի մոտ, որը վերամշակում է օգտագործված բալիստիկ հրթիռները։ Նախագծի աշխարհագրությունն ընդգրկում է երկրագնդի կեսից ավելին` Հայաստանից և Արևմտյան Սահարայից մինչև Թայվան և ԱՄՆ։
Տվյալ պահին նկարահանվել է «Լրագրողական հետազոտությունների բյուրոյի» ավելի քան 80 թողարկում։