ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik, Աննա Վարդանյան. Մինչև պատգամավորների գնահատականը՝ Sputnik Արմենիայի խնդրանքով բյուջե 2018–ը գնահատում է ԵՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Եկող տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ հետաքրքրությունն, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, պայմանավորված է նաև որոշակի ինտրիգներով, որ ձևավորել է այս կառավարությունը: Խոսքը սոցիալական բլոկի՝ աշխատավարձերի, կենսաթոշակների և ընդհանրապես, սոցիալական ծախսերի մասով զսպվածության մասին է:
«Եթե բնորոշելու լինենք` եկող տարվա բյուջեի նախագիծն իրատեսական է: Ծախսային քաղաքականության այն մասը, որն ուղղված է տնտեսությանը՝ ազդեցությունների տեսանկյունից զարգացումը խթանող կարելի է գնահատել և նախարարի հետ թերևս կարելի է համաձայնել: Իսկ սոցիալական ծախսերի մասով` պահպանողական բյուջե է»,–ասում է տնտեսագետը:
Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով` երբ նայում ենք վերջին տարիների դինամիկային, մեր բյուջետային իրավիճակին` ներառյալ նաև այս տարվանը, տեսնում ենք, որ բյուջետային ծախսերի մեջ ընթացիկ ծախսերի դոմինանտը մշտապես եղել է գերակա։ Այս կառավարությունն` արդեն անցյալ տարվա տնտեսական իրողությունների ֆոնին, ստիպված էր 2017թ-ի բյուջեն պլանավորել շատ զուսպ սցենարի շրջանակներում և չնախատեսել աշխատավարձերի, կենսաթոշակների աճ: Ըստ Ատոմ Մարգարյանի` այս սցենարը շարունակվելու է մյուս տարի, և տնտեսական աճի հիմքեր ստեղծելու համար հարկավոր է ավելացնել կապիտալ ծախսերը:
«Այս մոդելը կիրառել են շատ երկրներ. ես կարող եմ օրինակ բերել անցյալ դարի երեսունական թվականների հետճգնաժամային իրավիճակը Միացյալ Նահանգներում և, ընդհանրապես, ռեցեսիոն, լճացած վիճակում գտնվող տնտեսությունը տեղից շարժելու և ապագա եկամուտներ նաև կենսամակարդակի աճ ունենանլու համար պետք է ավելացնել կապիտալ ծախսերը, ինչը արել է այս կառավարությունը, երբ պլանավորել է բյուջե 2018-ը»,–ասում է Ատոմ Մարգարյանը։
Բյուջե 2018-ի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 307.3 մլրդ դրամ ծախսային մասը՝ 1 տրլն 464.2 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 156.9 մլրդ դրամ:
Այսինքն`բյուջեի եկամուտներն աճելու են 97.3 մլրդ դրամով, ծախսերը՝ 104 մլրդ դրամով, դեֆիցիտը՝ 6.8 մլրդ դրամով։
Ատոմ Մարգարյանի խոսքով`2018թ-ին դեֆիցիտը պետք է նվազեցվի, իջեցվի 3%-ից ավելի ցածր, քանի որ 2.7% —ի սահմաններում է ծրագրած: «Ինչո՞ւ է սա անհրաժեշտ ապահովել: Պրոբլեմը, այսպես կոչված բյուջետային կայունությունն ապահովելու մեջ է: Թե՛ ներսի, թե՛ դրսի ներդրողներն ու միջազգային դոնորները` ի դեմս համաշխարհային բանկի և արժույթի միջազգային հիմնադրամի, ուշի ուշով հետևում են երկրի մակրոտնտեսական իրավիճակին, ինդիկատորներին: Դրանցից են բյուջետային ցուցանիշները, որոնց մեջ հատկապես կարևոր է բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը, որ պետք է տեղավորվի նորմատիվի սահմաններում: Կառավարությունը պարտավոր է ապահովել այդ ցուցանիշը»,–բացատրում է տնտեսագետը:
Ըստ Մարգարյանի`եկող տարվա բյուջեի ուշադրության կենտրոնում է ենթակառուցվածքների զարգացումը, ինչն անմիջականորեն ուղղված է ներդրումների աճին ու, հետևաբար, տնտեսության վերականգնմանը: «Երբ դուրս ենք գալիս հարևան երկրներ տեսնում ենք, օրինակ, որ Վրաստանում ներդրումների մասնավոր ծավալը գերազանցում է, և մենք, երբեմն, նախանձով ենք նայում: Դրա հիմանական պատճառներից մեկն էլ բարեկարգ ենթակառուցվածքներն են, բարենպաստ բիզնես միջավայրը, կոռուպցիայի ցածր մակարդակը, տարբեր տեսակի այսպես ասած միջազգային ֆորմատների մեջ մասնակցությունը և այլն: Այս իմաստով, հատկապես, ենթակառուցվածքների մասով, շատ բան պետք է ընդօրինակենք մեր հարևաններից և այս ծախսերը հենց ուղղված են դրան»,–պարզաբանում է մեր զրուցակիցը:
Տնտեսական ակտիվության մասով տնտեսագետը նշում է, որ այս տարվա ութ ամսվա պաշտոնական տվյալներով արձանագրվել է 5.5% ակտիվություն, ներդրումային բավական լուրջ աշխուժություն, հատկապես, արդյունաբերական, դեղագործական, սննդի ոլորտներում, որոնք ավանդաբար մշտապես ակտիվ են եղել: Այնուհանդերձ, ըստ բանախոսի, ընդհանուր առմամբ, խնդիրներ էլ քիչ չեն այս կառավարության համար: Դեռևս չի հաջողվում շտկել գյուղատնտեսությունը և շինարարությունը, այսպես կոչված ռեպրեսիվ կամ անկումային վիճակում են: Հատկապես շինարարությունը, որը, ըստ էության, համակարգաստեղծ ոլորտ է, ներդրումների տեսանկյունից շատ կարևոր սեգմենտ տնտեսությունը աշխուժացնելու համար: Ճանապարհային շինարարություն, կապիտալ բնակարանային շինարարություն` այդ ոլորտներում ներդրումների ավելացումն է, որ այս կառավարությունը փորձում է անել։ Բայց այս տարվա համար տեսնում ենք, և կանխատեսումներն էլ 2017-ի համար ցույց են տալիս, որ գյուղատնտեսությունն, այնուամենայնիվ, կեզրափակի – 3% անկմամբ:
Ատոմ Մարգարյանի խոսքով`այս տարվա իրողություններից բխող փաստաթուղթ է 2018-ի բյուջեն՝ ծախսերի և եկամուտների մասով զուսպ, ընդհանուր առմամբ` զարգացման: Եվ ևս մեկ դիտարկում. քննադատների կանխատեսումները, թե կա դեֆոլտի սպառնալիք` իրատեսական չեն: Նույն կանխատեսումները` նույն սպառնալիքով հնչում են գրեթե ամեն բյուջետային տարեվերջին։ Իսկ կառավարության հիմնական մարտահրավերները դարձյալ նույնն են` կոռուպցիայի և ստվերի կրճատման ուղղությամբ եռանդուն քայլերը: