ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության հավանությանը ներկայացրեց 2018 թ-ի բյուջեի նախագիծը։
Նախարարն իր զեկույցում խոստացավ հաջորդ տարի ապահովել 4.5% տնտեսական աճ։ Ավելացնել եկամուտներն ու ծախսերը՝ ի հաշիվ հարկային վարչարարության խստացման։
2018 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով 1,342.6 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,499.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), 2018թ դեֆիցիտը (պակասորդը)՝ 156.9 մլրդ դրամ։
Նշենք, որ 2017թ համախմբված բյուջեն եկամուտների գծով՝ 1 տրլն 244.4 մլրդ դրամ էր նախատեսում, ծախսերի գծով` 1 տրլն 394.5 մլրդ դրամ։
Հաջորդ տարի, սսկայն, կավելանան ոչ միայն ծախսերն ու եկամուտները, այլև դեֆիցիտը։ Եթե 2017թ-ի բյուջեով այն նախատեսված էր 150.1 մլրդ դրամ, 2018-ի նախագծով կհասնի 156.9 մլրդի։
Երկու օր լրամշակվելուց հետո 2018–ի գլխավոր տնտեսական փաստաթուղթը կուղարկվի ՀՀ օրենսդիր մարմին` հաստատման։