ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. 2017թ-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ընդ որում, նրա խոսքով, աճը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության՝ 16.1%, ծառայությունների՝ 11.1% և առևտրի՝ 9.6% աճերով:
Փոխարենը շինարարության տեմպերը նախորդ տարվա համեմատ նվազել են 13.8%-ով, իսկ գյուղատնտեսությունը, որը նաև 2016թ-ի տնտեսական անկման հիմնական «մեղավորն» էր, այս տարվա առաջին 2 ամիսներին դարձյալ աճի զրոյական ցուցանիշ է գրանցել:
«Առևտուրը 2016թ-ին ամբողջ տարվա ընթացքում բացասական էր եղել, և հոկտեմբերից, կարծես, բացասական աճի տեմպերը շրջվեցին, և մենք տարին ամփոփեցինք մի փոքր դրական աճի ցուցանիշով: 2017-ին արդեն ունենք առևտրի իրական ծավալների 9.6% աճ: Եվ այս ինդիկատորը մեզ ասում է, որ մեզ մոտ պահանջարկի այն խորն անկումը, որ մենք ունեցել էինք տրանսֆերտների ծավալի նվազմամբ, կանգ է առել, և մենք թևակոխում ենք վերելքի փուլ»,- ասաց Վարդան Արամյանը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշներին զուգահեռ 2017թ-ի առաջին երկու ամիսներին 7.2%-ով աճել են նաև բյուջեի եկամուտները: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հարկային մուտքերն ավելացել են 9.7 %-ով, ինչը նախատեսվածից շատ է եղել շուրջ 6.6 մլրդ դրամով: Վարդան Արամյանը չթաքցրեց, որ հարկերի ծավալներն աճել են բացառապես ի հաշիվ ստվերի կրճատման, բայց չցանկացավ բացահայտել, թե կոնկրետ որ ոլորտներում և ինչ ստվեր է կրճատվել՝ խորհուրդ տալով առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ՊԵԿ-ից:
Վարդան Արամյանը լավատես է և կարծում է, որ նույն տեմպով շարունակելու դեպքում կառավարությանը կհաջողվի նույնիսկ գերակատարել 2017թ-ի բյուջեով նախատեսված տնտեսական ցուցանիշները և 2018թ-ի բյուջեյում էլ ավելի բարձր տնտեսական աճ ծրագրել:
«Մենք կարող ենք 2018թ-ի համար վստահաբար տնտեսական աճի 3.2%-ից ավելի բարձր ցուցանիշ ծրագրել: Ես միշտ ասել եմ, որ 3.2%-ը մենք համարում ենք իրատեսական, թեև, իհարկե, կան ռիսկեր և՛ դեպի վերև, և՛ դեպի ներքև շարժվելու, բայց այս պահի դրությամբ մենք հավակնում ենք առնվազն 3.2% տնտեսական աճի ցուցանիշ հաղթահարել այս տարվա համար: Բայց 3.2%-ը մեր ամբիցիան չէ: Մեր ամբիցիաները շատ ավելի բարձր են»,- ասաց Արամյանը:
Իսկ կառավարության համար հիմնական խնդիրը, Վարդան Արամյանի խոսքով, եղել և մնում է բյուջետային ծախսերն արդյունավետ դարձնելն ու անհարկի շռայլությունները բացառելը: