Հայկ Արսենյանը ծնվել է Երևանում, սակայն հասցրել է հյուրախաղերով լինել գրեթե ամբողջ աշխարհում։ Նա այնքան վաղ տարիքում է սկսել համերգներ տալ, որ, ընկերների խոսքով, դաշնամուրի հետևում չէր երևում։ Իսկ 11 տարեկանում կատարել դաշնամուրի և նվագախմբ համար սեփական «Ռեքվիեմը», որը նվիրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին։
Այսօր Հայկը դասավանդում է «Տիշ» հեղինակավոր արվեստի դպրոցում, բազում մրցանակների ու պարգևների դափնեկիր է, իսկ 2012 թվականից ղեկավարում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) կիրառական արվեստի բաժինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է առաջիկա ելույթի, երաժշտության ու համերգների ժամանակ տեղի ունեցած զվարճալի դեպքերի մասին։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։
–Հայկ, հոկտեմբերի 4–ին կկայանա 25 տարվա ընթացքում Ձեր առաջին համերգը Հայաստանում։ Ինչի՞ հետ էր կապված այդպիսի լռությունը։
– Ոչ մի կերպ չէր ստացվում։ Հրավերները շատ էին, բայց, չգիտես ինչու, վերջին պահին ամեն ինչ սխալ էր գնում… Հայաստանն իմ նախագծերում միշտ առաջին տեղում է, եթե որևէ գաղափար, նախագիծ հայտնվի, առաջին հերթին դրա մասին կմտածեմ։
– Հուզվու՞մ եք։
–Շատ։ Երևի, երբեք ոչ մի տեղ այսքան չեմ հուզվել, ինչպես այստեղ։ Ես լավ եմ հասկանում, որ որոշակի սպասումներ կան և շատ եմ ուզում արդարացնել դրանք։
Դա նման է այն բանին, երբ երկար բացակայությունից հետո ընտանիք ես վերադառնում ու ուզում ես քեզ լավագույնս դրսևորել։ Ասես, ուզում ես ասել. «Տես, ես արժանի էի, որ ինձ բաց թողնեիր, բայց ես վերադարձա, ես քոնն եմ, ու դու ճիշտ ես արել, որ թողել ես գնամ»։
Հասկանու՞մ ես, ելույթը Նյու Յորքում ինձ համար նույնպես շատ պատասխանատու է, բայց այնտեղ ես տեղացի եմ, ու ամեն ելույթ հաճելի զրույցի է վերածվում։ Հայաստանում այդ զրույցը նոր-նոր պետք է սկսվի։ Հույս ունեմ, որ այն շարունակություն կունենա։
–Է՞լ ով է Ձեզ հետ ելույթ ունենալու Prospect Piano Trio–ի կազմում։
— Ջութակահար Սամի Մարդինյանն ու թավջութակահար Մայքլ Նիկոլասը։ Երկուսն էլ հիանալի երաժիշտներ են։ Մենք որոշել են ներկայացնել այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք կյանքի վերջին տարիներին Նյու Յորքում են ստեղծագործել։ Կկատարենք Լեոնարդո Բերնթայնի հետաքրքիր էլեկտրիկ PianoTrio–ն։
–Համերգը, եթե չեմ սխալվում, բարեգործական է…
–Այո, մուտքը հրավիրատոմսերով է, բայց մենք բարեգործական հավաք ենք կազմակերպել։ AGBU–ի շրջանակում Musical Armenia ծրագիր կա, որը ես եմ ղեկավարում։ Այդ ծրագրով աշխարհի տարբեր երկրների երաժիշտները այստեղ են գալիս` հայկական երաժշտությունն ուսումնասիրելու համար։
Նրանց մեջ մեր հայրենակիցներն են սփյուռքից, կան նաև օտարազգի երաժիշտներ։ Այս տարի մեզ մոտ Արգենտինայից բուդդիստ էր եկել քամանչա նվագել սովորելու։ Այդպիսով, այդ երաժիշտները տարածում են մեր մշակույթը, արվեստը։
Ծրագիրն անվճար չէ, ոմանք կարող են իրենց թույլ տալ ուսումն անցնել, ոմանք` ոչ, իսկ բարեգործական համերգների շնորհիվ մենք մեծացնում ենք թոշակային հիմնադրամը երաժիշտներին աջակցելու համար։ Այստեղ նրանք ծանոթանում են երկրին, ուսումնասիրում են հայկական մշակույթը, երաժշտության պատմությունը։ Քիչ չեն մարդիկ, որոնք սիրահարվում են Հայաստանին ու այստեղ մնում։ Այս տարի տեխասցի ֆլեյտահարուհին զանգահարեց տուն ու ասաց, որ անորոշ ժամանակով Երևանում է մնում։
–Որպես կանոն, երաժիշտները, նկարիչներն ու արվեստի այլ գործիչները ծնողների կամ մոտ բարեկամների հետքերով են գնում, բայց ինձ հայտնի է, ոչ Ձեր հայրը, ոչ էլ Ձեր մայրը երաժշտության հետ կապ չունեն։ Որտեղի՞ց սերը դեպի երաժշտություն։
–Ճիշտ է, ծնողներիցս ոչ ոք արվեստով չի զբաղվել։ Ավելին, տանը դաշնամուր էլ չունեինք, բայց ընտանիքիս բոլոր անդամները երաժշտության մեծ սիրահարներ են։
Հակումը դեպի երաժշտություն իմ մեջ զգաց մայրս, ու տատս դաշնամուր գնեց։ Այդ պահից ամեն ինչ սկսվեց… Ես մոտ երեք տարեկան էի, բայց ոչ թե, պարզապես, հարվածում էի ստեղնաշարին, այլ երաժշտություն էի նվագում։
Ընտանիքս աջակցել է ինձ բոլոր նախաձեռնություններում, ինձնով հպարտանում էին, դա շատ էր ոգևորում։ Երաժշտի կյանքն այդքան էլ պայծառ չէ. դու, ի սկզբանե, գիտես, որ միլիոնատեր չես դառնա, որ քո մանկությունը շատ է տարբերվելու, քանի որ դու չես կարողանալու օրեր շարունակ վազվզել ու ընկերների հետ բակում խաղալ։ Երաժշտի կարիերան շատ փոխզիջումներ ու համառ աշխատանք է պահանջում։ Դրա համար շատ հեշտ է թողել այն, եթե մոտ մարդկանց կողմից որոշակի գնահատական չես ստանում։
–Ի՞նչ դեպքեր կամ իրադարձություններ են ձեր կարիերայում որոշիչ դերակատարություն ունեցել։
–Դրանք մի քանիսն են, ու բոլորը չէ, որ դրական են։ Պարզապես, որոշ դեպքեր շատ հույզեր են առաջացրել։ Օրինակ, 1988 թվականի երկրաշարժը ցնցել էր ինձ։ Ես տասը տարեկան էի, գիշերն արթնանում էի, ու երաժշտությունը պարզապես դուրս էր գալիս հոգուցս…
Մեծ խթան էր ինձ համար Փարիզ այցելությունը։ Դա ամբողջովին նոր բան էր։ Դա ինձ անհրաժեշտ էր, հուզական առումով ես այստեղ արդեն խեղդվում էի…
Այդպիսի թևավորող բաներ իմ կյանքում շատ են եղել, սակայն իրադարձություններ, որոնք թևերի փետուրները պոկում էին, նույնպես քիչ չէին։ Ժամանակ էր հարկավոր, որ դրանք կրկին աճեին։
–Ելույթների ընթացքում եղած ամենազվարճալի դեպքը պատմեք։
– Դրանք նույնպես հաճախ են պատահում…
Մինչև անգամ Իսպանիայում՝ արվեստի հսկայական կենտրոնում, շփոթել էի համերգի սրահը ու քիչ էր մնում բաց թողնեի իմ ելույթը։ Ամենածիծաղելի այն էր, որ երբ մտա փորձ անելու, լույսն անջատած էր, թեև սովորաբար այդպես չի լինում։ Բայց ես մտածեցի` սա Իսպանիան է, շոգ է, սիեստա է, երևի սովորական բան է, ու ինքս վառեցի լույսը։ Դրանից հետո մենեջերն ինձ այլևս մենակ չէր թողնում։
Մի անգամ էլ Սիցիլիայում աջ ձեռքիս բութ մատը խրվել էր ձախ ձեռքիս մանժետում։ Ես բացօթյա համերգ էի տալիս։ Տեղանքը շատ գեղեցիկ էր, բայց նույնիսկ երեկոյան 40 աստիճան շոգ էր, իսկ ես սմոքինգով էի ելույթ ունենում ու շոգից մեռնում էի, և հանկարծակի մատս խրվեց մանժետի մեջ. Ստիպված եղա մի քանի նոտա աղավաղել։
–Եթե հարկավոր լիներ միայն մի երաժշտական կատարում թողնել, ո՞րը կթողնեիք։
–Աստված իմ, չեմ կարող ասել, դա շատ բարդ է։
– Լավ, եկեք մի երգահանի թողնենք։
– Միևնույն է՝ դժվար է։ Շատ երգահաններն են հոգեհարազատ, բայց նրանք այնքան տարբեր են։ Պաշտում են հայ երգահաններին։ Շատ եմ սիրում Ռախմանինովին, Բախի համար խելագարվում եմ։ Նա ինձ համար երաժշտության աստվածների աստվածն է, երաժշտության Զևսը…
– Վիճակագրության համաձայն` երաժշտությամբ զբաղվող 100 երեխաներից միայն մեկն է երաժիշտ դառնում։ Ձեր կարծիքով՝ մնացածին արժե՞ սկսել։
– Հաստատ։
– Ինչո՞ւ։
– Նախ՝ երաժշտության պահանջը շատ բնական է մարդու համար, այնպես, ինչպես սննդի, հանգստի պահանջը։ Երեխաները ավելի շուտ են սկսում երգել, քան խոսել։ Այն լավ է զարգացնում մտածողությունը, կոորդինացիան, նրբանկատությունը, ուշադրությունը դեպի մանրուքները, համբերությունը։ Բացի այդ` այն մարդու վրա առողջարար ազդեցություն ունի։ Երաժշտության ազդեցության տակ են ընկնում ոչ միայն մարդիկ, այլև կենդանիներն ու բույսերը…