ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը տեսնել ու մոտիկից ծանոթանալ չի հասցրել, սեպտեմբերի 16-ին Երևանում կայացած համերգից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանրաճանաչ երգիչ Լու Բեգան։
«Ես սիրում եմ պատմությունը, գիտեմ, որ հայերը աշխարհի հնագույն ու հետաքրքիր ազգերից են»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը տեսել է միայն օդանավակայանից հյուրանոց ճանապարհին։
Գերմանաբնակ, ծագումով ուգանդացի և իտալացի երգիչը դժվարացավ հայկական որևէ երգ կատարել, հրաժարվեց խոսել նաև քաղաքական խնդիրներից, բայց ասաց, որ տեղյակ է պատերազմներից, երկրաշարժերից, Սիրիայից՝ կոչ անելով լուծումը փնտրել Հիսուս Քրիստոսի մեջ։ Հայ երգիչներից որևէ մեկին Լու Բեգան ևս չցանկացավ առանձնացնել։
Հարցին, թե նրանցից ում հետ կցանկանար երգել, հումորով պատասխանեց. «Կցանկանայի կնոջս հետ երգել»։
Երգիչը Հայաստանում է Yerevan Music Night նախագծի շրջանակում։ Սեպտեմբերի 16-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երևանի երաժշտական երեկո» խորագրով համերգը, որտեղ հայաստանյան լավագույն ջազ, բլյուզ կատարողների՝ Լևոն Մալխասյանի, Գոռ Սուջյանի, Արամ MP3-ի հետ համերգային ուրախ ծրագրով հանդես եկավ նաև Լու Բեգան, որի մասնակցությունը համերգին մինչ ելույթի պահը կազմակերպիչները չէին բացահայտել։ Լա Բեգային համաշխարհային ճանաչում պարգևած առաջին երգը Mambo No. 5 երգն էր, որը տևական ժամանակ մնում էր համաշխարհային հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում։ Ավելի ուշ այն ներառվեց A Little Bit of Mambo ալբոմում։ Հետագայում երգիչը մի շարք այլ հավաքածուներ ևս թողարկեց, բայց առաջին երգն ու առաջին ալբոմը մնացին չգերազանցված։