Նելլի Դանիելյան, Sputnik.
Միացյալ Թագավորությունում կայացած հանրաքվեի արդյունքում մասնակիցների 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն, 48 տոկոսը՝ դեմ։ ԵՄ-ում մնալու օգտին են քվեարկել հիմնականում Լոնդոնի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները։ Միաժամանակ Շոտլանդիան արդեն հայտարարել է Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին երկրորդ հանրաքվեն անցկացնելու մասին։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը համոզված է, որ Շոտլանդիայի օրինակին կհետևի նաև Հյուսիսային Իռլանդիան, որի հետևանքով, նրա բնորոշմամբ, «Միացյալ Թագավորությունը կկազմաքանդվի, կմնան, թերևս, Անգլիան և Ուելսը»։
Քաղաքագետի բնորոշմամբ` այս իրադարձությունները նոր աշխարհակարգի բավական լուրջ ցնցումների հետևանք են, որոնք ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային քաղաքականության մեջ տեկտոնական լուրջ շարժ կառաջացնեն։
Հարցին` հնարավո՞ր է, որ սկիզբ առած շարժումը ոչ թե ահագնացող, այլ մարող լինի, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց.
«Չի կարող մարող լինել, քանի որ Եվրոպայում ուժեղանում են աջ ազգայնական և անկախական շարժումները, որովհետև Բրյուսելը բավական անմիտ քաղաքականություն է վարել վերջին տասնամյակներում, հատկապես` վերջին 5-6 տարիների ընթացքում, և կարծում եմ` ամենևին բացառված չէ, որ Մեծ Բրիտանիայի օրինակին հետևի նաև Ֆրանսիան, ինչ-որ պահի` գուցե 1, գուցե 5, գուցե 10 տարուց, նաև մնացած երկրները։ Կյանքը ցույց տվեց, որ ԵՄ-ի և ընդհանրապես այդ սուպերմիության գաղափարը Եվրոպայում չաշխատեց»։
Քաղաքագետը կարծում է, որ ԵՄ-ի կազմաքանդումը ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին և ո՛չ էլ ՌԴ-ին։
«Կարճաժամկետ առումով գուցե Միացյալ Թագավորության դուրս գալը ԵՄ-ից ձեռնտու էր Ռուսաստանին, բայց երկարաժամկետ հատվածում ՌԴ-ին ավելի ձեռնտու կլիներ գործ ունենալ ուժեղ Եվրոպայի հետ։ Քանդվող Եվրոպան չի կարող ձեռնտու լինել Ռուսաստանին»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, դրա լավագույն վկայությունն, ըստ քաղաքագետի, նախագահ Օբամայի անուղղակի քարոզն էր քվեարկության նախօրեին, որով նա կոչ էր անում բրիտանացիներին մնալ ԵՄ-ի կազմում։
«ԱՄՆ-ն Եվրոպայի վրա ազդող լուրջ լծակ կորցրեց ` ի դեմս Միացյալ Թագավորության։ Եվ դրա լրջորեն սպառնացող կազմաքանդման հետևանքով ԱՄՆ-ն կկորցնի աշխարհում իր համար 1 դաշնակցին»։
«Ի՞նչ կտա Եվրոպայի կործանումը իսլամական աշխարհին, մասնավորապես`Եվրոպան գրավելու նկրտումներ ունեցող իսլամիստներին» հարցին Հրանտ Մարտիրոսյանը բավական հոռետեսական պատասխանեց տվեց` ոչ շատ հեռու ապագայում երրորդ համաշխարհային պատերազմ կանխատեսելով։
«Եվրոպական քաղաքական տարբեր վստահելի աղբյուրներից կան տեղեկություններ, որ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան բանակցությունների մեջ էին (հիմա, թերևս, կմնա միայն Գերմանիան)` Թուրքիային գրեթե անսահմանափակ քանակությամբ վիզաներ տալու մասին, եթե վիզային ռեժիմը չի հանվում։ Եվ Թուրքիան ակնհայտորեն Եվրոպան նվաճելու մի քանի 100-ամյակի ծրագիր ունի։ Շատ հեշտ հասանելի վիզաների ծրագրի տարբերակով կսկսի իրականացնել այն, և դա չի կարող լուրջ բախում չառաջացնել ազգային ինքնագիտակցությունը պահպանած եվրոպացիների և եկվոր սունիների կամ սունի ծայրահեղականների միջև»,- ասաց քաղաքագետը` իր կանխատեսումը կոչելով «մութ, վախենալու ու չափազանց վտանգավոր սցենար», բայց և «գործընթաց, որն արդեն իսկ սկսվել է», քանի որ Եվրոպայում բնակվող միլիոնավոր մահմեդականների մեծ մասն ուղղակի ծայրահեղականներ են, և այդ վարակը տարածում են նաև ավելի չափավոր մահմեդականների շրջանում։
Ի դեպ, հոռետեսական այս սցենարը, մեր զրուցակցի խոսքով, որքան էլ անցանկալի, բայց առավել իրատեսականն է։ Մեր դիտարկմանը, թե հնարավոր չէ՞, որ եվրոպական զարգացումներն ընթանան ավելի լավատեսական ուղղությամբ, Հրանտ Մարտիրոսյանը պատասխանեց.
«Երկրորդ համաշխարհայինի նախօրեին, չգիտեմ, ո՞վ էր տեսնում Եվրոպայի կայունացման սցենար։ Կայունացման սցենար սկսեցին տեսնել միայն պատերազմի ավարտից հետո։ Հիմա մենք կանգնած ենք համաշխարհային լուրջ փոփոխությունների, տեկտոնիկ շարժերի նախաշեմին մենք արդեն մուտք ենք գործել այդ փուլ. ուղղակի դեռ չենք գիտակցում»։
Միակ լավատեսական կանխատեսումը, նրա խոսքով, այն է, որ «քաղաքացիական պատերազմները» չեն սկսվի միանգամից և ամբողջ Եվրոպայով և ապոկալիպտիկ հոլիվուդյան ֆիլմի սցենարով չեն ընթանա։
«Բայց, իհարկե, փաստ է, որ դրանից խուսափել չի լինի,- ասաց Հրանտ Մարտիրոսյանը` հակառակ հայ ժողովրդի վատը կամ ճշմարտությունն ընդունելու ազգային բարդույթին։ — Այնուամենայնիվ, աշխարհում որևէ բան չի գնում դեպի լավը»։
Դե իսկ անուղղելի լավատեսներին քաղաքագետը խորհուրդ է տալիս նայել, թե ինչպես է օր օրի ավելի ու ավելի վատանում իրավիճակը մեր հարևան տարածաշրջանում։