Հայաստանյան տուրիզմը փնտրելու ճանապարհի մեր առաջին հանգրվանը Արագածոտնի մարզն է, մասնավորապես` մարզի բազում եկեղեցիներից մի քանիսը։ Իսկ առաջին կանգառը` Մուղնի գյուղը։
Երբ հասանք Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցու բակ, այնտեղ անսովոր աշխուժություն էր։ Մեր այցի պահին երևանյան մի քանի դպրոցների աշակերտներ, իրենց ծնողների ու ուսուցիչների հետ տարեվերջյան էքսկուրսիա էին եկել։ Եկեղեցու աշխատակիցները մեզ հայտնեցին, որ նույն պատկերը կարելի է տեսնել գրեթե բոլոր հանգստյան օրերին։ Դպրոցականների խմբերը եկեղեցի են այցելում հատկապես ուսումնական տարվա ավարտին։ Դպրոցական էքսկուրսիաների համար, Արագածոտնի մարզը, թերևս, ամենահարմարն է. այն ոչ միայն մոտ է մայրաքաղաքին, այլև` հարուստ պատմամշակութային հուշարձաններով։
«Արագածոտնի մարզի գրեթե ամեն գյուղ իր եկեղեցին ունի։ Ընդգրկելով Մեծ Հայքի պատմական Այրարատ նահանգի տարածքը` այն պատմականորեն հարուստ է եկեղեցիներով ու վանքերով»,- նշեց մեր ուղեկից, զբոսավար Սոֆյա Հովսեփյանը։
13-րդ դարին թվագրվող Սուրբ Գևորգ վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր ուխտատեղիներից էր։ Վանքի հիմնադիրը Հովհանավանքի միաբանությունն է, որի անդամներն այստեղ են բերել Սուրբ Գևորգի մասունքները։ Ավանդույթի համաձայն` դրանք տեղափոխվել են Հովհանավանքից, քանի որ Քասախի ձորափին կառուցված Հովհանավանք այցելող ուխտավոր երեխաները մասունքներին մոտենալիս ընկել են ձորը:
Հովհանավանք հասնելով` հասկացանք, որ ավանդույթը, թերևս, այնքան էլ անհիմն չէ։ Մեզանից առաջ այստեղ հասած դպրոցականներն, ավտոբուսից իջնելով, ուղիղ դեպի ձորն էին վազել։ Մինչ ծնողներն ու ուսուցիչները հանդիմանում էին նրանց` անզգույշ ու վտանգավոր արարքի համար, էքսկուրսավարը պատմում էր, որ քրիստոնեական առաջին եկեղեցին այստեղ դեռևս 4-րդ դարում կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում և ավերվել երկրաշարժից։
Ավելի ուշ նույն տեղում կառուցված վանական համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցում Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է Հովհաննես Մկրտչի մասունքները, ինչի համար էլ վանքը ստացել է Հովհանավանք անունը: Մեկ այլ վարկածով, վանքի անունը կապված է Հովհանի հետ, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն թողել էր որպես վանքի առաջնորդ:
Այստեղ ևս դպրոցականները մեր այցի պահին պատմամշակութային հուշարձանի միակ այցելուներն էին, եթե չհաշվենք եկեղեցու ու ձորի վերևում ճախրող բազեներին։ Հովհանավանքի պատերից մի քանիսում ներկառուցված խաչքարերը ցույց տալով` մեր ուղեկցորդուհին պատմեց, որ ժամանակին, դրանք պատերի մեջ տեղադրելով, հայերս փորձել ենք պաշտպանել մեր հոգևոր արժեքներն օտար զավթիչներից։
Բացի այդ, եկեղեցին նաև գաղտնի մուտք է ունեցել դեպի ձորը, որի շնորհիվ, ըստ ավանդազրույցների, հավատացյալները կարողացել են ոչ միայն պատսպարվել եկեղեցում, այլև` փախչել այնտեղից գաղտնի մուտքով։
Մենք որոշեցինք փնտրել այս ավանդազրույցների մասին վկայող ապացույցները։ Երկար փնտրելու կարիք չեղավ։ Եկեղեցու բակից դեպի ձոր իջնող ճանապարհին նկատեցինք քարայրի` ճաղավանդակով փակված մուտքը։ Մեր հետաքրքրվածությունը նկատելով` վանքի աշխատակիցներից մեկը մոտեցավ ու բացեց երկաթե կողպեքը` մեզ առաջնորդելով դեպի քարայրը։
«Եկեղեցու ներսից, հենց խորանի տակ գաղտնի մուտք է եղել, որով կարողացել են իջնել այստեղ,- ցույց տալով քարայրում թափված քարերը` նշեց նա։-Բայց ժամանակի ընթացքում կա՛մ քարաթափության հետևանքով, կա՛մ հատուկ մուտքը փակել են»։
Մեր ուղեկիցը չթաքցրեց, որ այս մուտքով հետաքրքրվող այցելուներ մեզանից առաջ էլի են ունեցել։ «Թող սարքեն, տուրիստներին ցույց տան»,-ասաց նա` վստահություն հայտնելով, որ այդ դեպքում այցելուների թիվն էլ կավելանա, հետաքրքրություն էլ կառաջանա։
Սոֆյա Հովսեփյանը ևս չթաքցրեց, որ արտասահմանցի զբոսաշրջիկները մեկ-երկու եկեղեցի այցելելուց հետո ձանձրանում են ու ինչ-որ նորություն են փնտրում։ Եվ չնայած դրան` ձորն իջնելու ու քարայրները տեսնելու առաջարկը միշտ չէ, որ ոգևորությամբ են ընդունում։ Պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է։
Այս խոսքի վրա, սակայն, մեր զրույցն ընդհատեց տեղի գյուղացիներից մեկն ու հայտնեց, որ մենք ճանապարհների բացակայությունից ենք դժգոհում, իսկ հայ մեծահարուստները կիրճ իջնելու համար հատուկ վերելակ ունեն։
«Միկա Բաղդասարովն այստեղ առանձնատուն ունի,- ասում է նա` ցույց տալով ձորափին կառուցված շքեղ առանձնատներից մեկը,- հենց այդտեղից էլ ձորն իջնող վերելակ կա, իրենք դրանով են իջնում»։
Իսկ առանց վերելակի ձորն իջնելու համարձակություն են ունենում հիմնականում սուր զգացողությունների սիրահար երիտասարդ զբոսաշրջիկները։
«Գնում ենք Սաղմոսավանք, հետո ձորով հետ ենք գալիս Հովհանավանք։ Բայց միայն տեղացի արշավականներն են, դրսից եկած տուրիստներն այս երթուղով հիմնականում չեն անցնում։ Բացի այդ, այս եղանակին տարածքը նաև օձաշատ է և ռիսկային։ Դրա համար էլ հիմնականում գարնանն ու աշնանն ենք քայլարշավներ կազմակերպում»,- նշում է Սոֆյա Հովսեփյանն ու հավելում, որ նման հետաքրքիր ու կարևոր վայրեր Հայաստանում շատ են, բայց դրանց մասին անգամ հայաստանցիներս չգիտենք։
Իսկ մեր հաջորդ կանգառը Սաղմոսավանքն էր։ Վաղ միջնադարից հիշատակվող այս եկեղեցին ևս կառուցված է նույն կիրճի մեկ այլ հատվածում։
Այս համալիրում ևս, բացի դպրոցականներից, մեր այցելության պահին այլ զբոսաշրջիկների չհանդիպեցինք, ինչն, ի դեպ, մեր ուղեկցին այնքան էլ չզարմացրեց։ Տուրիստական սեզոնի մեկնարկն ազդարարված է, բայց զբոսաշրջիկների հոսք այս տարի դեռ չի նկատվում։ Նրա խոսքով, այս տարի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն ավելի քիչ է։
Սաղմոսավանքի բակում, գետնին ու նստարաններին տեղավորված դպրոցականների խմբերին ժամանակ առ ժամանակ մոտենում եկեղեցու հոգևոր այրերն ու զրուցում նրանց հետ։ Եկեղեցու տարածքը երեխաների համար վերածվել էր մեծ խաղահրապարակի։ Եկեղեցականներն այս ամենից ոչ միայն չէին դժգոհում, այլև գոհ էին ժողովրդի` դեպի եկեղեցին գալու միտումից։ Միակ խնդրանքը տարածքը չաղտոտելն էր։
Եկեղեցու հետնաբակում նկատեցինք հայկական ազգային ոճով, կավե սափորներով ու կժերով կահավորված սեղանը։ Մեզ հայտնեցին, որ Իրանից եկած հայ երիտասարդների պսակադրության արարողություն է նախանշված` հին հայկական ավանդույթով։ Այս ազգային արարողությանն, ի դեպ, մեծ ոգևորությամբ էին սպասում հատկապես երեխաները։ Բայց երբ երիտասարդներն ու նրանց հյուրերը ոտք դրեցին եկեղեցու տարածք, ներկաներն անթաքույց հիասթափություն ապրեցին։ Պարզվեց, որ ավանդական է միայն սեղանի կահ-կարասին, մնացած ամեն ինչը` ժամանակակից։
Այս հարսանեկան արարողությունը, թերևս, ամենից շատ հետաքրքրեց Գերմանիայից ժամանած մի քանի հոգանոց զբոսաշրջիկների խմբին, ովքեր, ի դեպ, Արագածոտնի մարզի մի քանի եկեղեցիներ կատարած մեր այցելության ընթացքում մեր հանդիպած միակ արտասահմանցիներն էին։