ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հրաժարվում է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից։ Նա այդ մասին հայտարարել է դատարանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է նրա դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։
Դատավոր Վահե Դոլմազյանը նրա ինքնության վերաբերյալ հարց է ուղղել։
«Ես ՀՀ-ի քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի և Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսել»,– ասել է նա։
Կարապետյանը նաև հայտնել է` ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի 3 չափահաս երեխա, իր խնամքին ոչ ոք չկա։
«Աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ունեի աշխատանք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն էի»,– նշել է նա։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։