Մեր կյանքն էլ է փոփոխվում. Ավանեսյանը՝ «Զարյա 3» նռնակների կիրառման թույլտվության մասին

Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարը կապ չի տեսնում որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Զարյա 3» լուսաձայնային նռնակի կիրառումը թույլատրելի հատուկ միջոցների շարքում դասելու հրամանի մեջ ինտրիգներ պետք չէ փնտրել, դա արվել է ըստ ընթացակարգի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Զարյա 3»-ի վերաբերյալ հրամանին։
Նշենք, որ հունիսի 12-ին արգելված հատուկ միջոցը կիրառելուց 15 օր անց՝ հունիսի 27-ին, ՀՀ առողջապահության նախարարը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» առողջապահության նախարարի N09-Ն հրամանում փոփոխություններ է իրականացրել և «Զարյա 3»-ի կիրառումը ներառել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։
«Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը` որոշակի փոփոխություններ ենք իրականացրել։ Չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` դրա համար հատուկ հիմնավորման կարիք չկա։
«Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»,-ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի միջև։
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։