ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ X-ի պաշտոնական էջում արված հայտարարության մեջ, որով կառավարության ղեկավարը դատապարտում է ԱՄՆ նախկին նախագահ, ներկայում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։
«Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք»,- գրել է Փաշինյանը:
Նա շուտափույթ ապաքինում է մաղթել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին։
ԱՄՆ նախկին նախագահի դեմ հուլիսի 13-ին մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում՝ նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։