Ուժգին քամին վնասել է Գեղարքունիքի մարզի 7 դպրոցների շենքերը

Ուժգին քամին վնասել է Գեղարքունիքի մարզի 7 դպրոցների շենքերը
Մարզպետը դպրոցների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին: Տեղեկությունը հայտնում է մարզպետ Կարեն Սարգսյանը։
«2023 թվականի մարտի 5-ի գիշերվա և մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Մարզպետը դպրոցների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը և ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։ Կարեն Սարգսյանը վստահեցրել է` դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Հիշեցնենք, որ քամու հետևանքով շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ են վնասվել, ինչպես նաև ծառեր կոտրվել նաև Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Աջափնյակ վարչական շրջաններում, Գավառ, Աբովյան, Ծաղկաձոր, Հրազդան, Կապան, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Լոռու մարզի Օձուն և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղերում։