«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2–րդ հարկից տղամարդ է ընկել ու մահացել

Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2-րդ հարկից տղամարդն անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Այսօր`ժամը 15։45-ի սահմաններում, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5` նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու քննիչները, որոնք հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։
Երևանում 36-ամյա շինարարն ընկել է 6-րդ հարկից և մահացել
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար ընկել է ու տեղում մահացել։ Նա նշված շինհրապարակում որպես բանվոր էր աշխատում։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն։
Նշենք, որ սա վերջին շրջանում 2–րդ նմանատտիպ դեպքն է. նոյեմբերի 24–ին էլ «Երազ» թաղամասում կառուցվող շենքերից մեկից 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն էր ընկել ու տեղում մահացել։