Նիստերին մասնակցելու եմ մեկ նպատակով. Չալաբյանի գործով անցնում են ապացույցների հետազոտմանը

Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանի փաստաբանները համարում են, որ գործ ունեն ոչ արդար դատարանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով ևս երկու անձ կհարցաքննվի։ Նման որոշում կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր ընթացող դատական նիստում։
Նշենք, որ պետք է ապացույցների հետազոտման փուլին անցնեն։
Չալաբյանի պաշտպանները միջնորդեցին, որ ևս երկու անձ հարցաքննվի և նրանց վկայություններն ապացույցների հետազոտման մեջ ընդգրկվեն։
Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը, սակայն դատավորը որոշեց, որ երկու անձինք էլ` ոմն Արման Սահակյան և Էրիկ Հայրապետյան, կհարցաքննվեն։
Կալանքի տակ գտնվող Չալաբյանը կարճ ելույթ ունեցավ։

«Դուք ինձ ազատությունից զրկել եք առանց որևէ փաստական հիմքի։ Այսինքն` ինձ կալանավորելու որոշումը սուբյեկտիվ է։ Ես դատական լսումներին այցելելու եմ մեկ նպատակով, որպեսզի ներկայացնենք իմ անմեղության բոլոր ապացույցները»,- ասաց նա։

Չալաբյանի փաստաբաններն ավելացրին, որ գործի մակագրումը եղել է ոչ պատշաճ, համարում են, որ գործ ունեն ոչ արդար դատարանի հետ։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։ Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշեց կրկին կալանավորել Չալաբյանին։