Որևէ այլ երկրի վարչապետ չէր մնա իր պաշտոնում. Իշխանյանը` հղի կնոջ վրաերթի մասին

Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպանը կարծում է, որ ցանկացած այլ երկրում նման դեպքից հետո ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե վարչապետը հրաժարական չտար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Այսպիսի դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով վարչապետին ուղեկցող ոստիկանական ավտոմեքենայով հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։

«Ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե վարչապետը կամովին հրաժարական չտար։ Բայց մենք հանդուրժեցինք։ Ավելին` մարդիկ կան, որոնք արդարացնում են դա։ Ինձ չի հետաքրքրում պրոտոկոլ և այլն։ Մարդը ցինիկաբար կնոջը գցում է մեքենայի տակ և գնում»,- ասաց Իշխանյանը։

Կնոջը վրաերթն ենթարկած վարորդը, որը ստորագրությամբ ազատ է արձակվել, իրավապաշտպանի համոզմամբ, եթե դեպքից հետո կանգնեցներ ավտոմեքենան, պատասխանատվության կենթարկվեր։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ ազատ արձակվել։