Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր. Միրզոյանը` Բաքվի հետ հնարավոր փաստաթղթի մասին

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի արտգործնախարարը բացատրել է, թե ինչպես է ՀՀ–ը տեսնում կարգավորման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն անվանել է «հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում երեք երկրների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների կատարմանը։
«Մենք պատրաստ ենք շարունակել ներկայիս ձևաչափերով բոլոր աշխատանքները՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ու հաղորդակցությունների բացման, խաղաղության պայմանագրի շուրջ, կամ, ինչպես երևի ավելի ճիշտ կլինի ասել, հարաբերությունների կարգավորման համաձայնագրի»,- ասել է Միրզոյանը։
Միրզոյանը բարձրացրել է նաև հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Ի դեպ, նույն լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել խաղաղության պայմանագրի վրա և կարծում է, որ այսօրվա հանդիպումը, որպես շփումների շարունակություն, դրական կանդրադառնա քննարկումների հետագա ընթացքի վրա։
Հիշեցնենք` 2022թ–ի մարտին Բաքուն հայտարարեց, որ հինգ կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայկական կողմն ի պատասխան հայտնեց, որ առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց և կոնտրառաջարկներ ներկայացրեց Բաքվին։
Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով