ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը Գարեգին Մկրտչյանին, որը, ըստ թերթի, գործարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հովանավորյալն է։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատիրոջ հետ։
Մկրտչյանն ասել է, որ ինքը որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ քաղաքական գործիչ չէ, գործարար է ու որևէ ցանկություն չունի ներքաշվելու ներքաղաքական հարցերի մեջ:
«Ես խնդրում եմ, ինձ որևէ քաղաքական պրոցեսի մեջ մի՛ մտցրեք, ես, այո՛, գործարանը գնել եմ, ես գործարար եմ, ու որևէ կապ չունի դրա հետ Խաչատուր Սուքիասյանը. դա ինձ է պատկանում, իմ «տանիքը» ես եմ: Սուքիասյանների ընտանիքի հետ մեր բիզնեսը «Ռան օիլ»-ն է, որտեղ ես բաժնեմաս ունեմ»,– գործարարի խոսքերն է մեջբերում թերթը:
Գործարարը նաև ասել է, որ Գագիկ Ծառուկյանի ու Խաչատուր Սուքիասյանի հետ շատ նորմալ հարաբերություններ ունի: