Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները

Իտալիայի որոշ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի միայն աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ

Տեղեկությունը Facebbok-յան էջում հրապարակել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի միայն աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:

Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները:

«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները։

Իրանում 1 օրում կորոնավիրուսից ավելի քան 20 մարդ է մահացել

Նշենք, որ փետրվարի 7–ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրել էր, որ կորոնավիրուսի տարածվածության պատճառով հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա և Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:

Չինաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Իսպանիան այսօր աշխարհում համարվում են վարակի տարածման տեսակետից ոչ բարենպաստ վիճակում գտնվող երկրներ։

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք է արձանագրվել։ 29–ամյա տղամարդը Հայաստան էր եկել Իրանից։ Նրա հետ շփում ունեցած անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել։