ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Տեղեկությունը Facebbok-յան էջում հրապարակել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի միայն աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:
Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները:
«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները։
Նշենք, որ փետրվարի 7–ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրել էր, որ կորոնավիրուսի տարածվածության պատճառով հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա և Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:
Չինաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Իսպանիան այսօր աշխարհում համարվում են վարակի տարածման տեսակետից ոչ բարենպաստ վիճակում գտնվող երկրներ։
Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք է արձանագրվել։ 29–ամյա տղամարդը Հայաստան էր եկել Իրանից։ Նրա հետ շփում ունեցած անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել։