Խղճահարության արժանի դրսևորում. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ 2019–ի նոյեմբերին Զագրեբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խղճահարության արժանի դրսևորում է։ Փաշինյանն իր այս կարծիքը հայտնեց այսօր Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ` արձագանքելով դիտարկմանը, որ այդ ելույթից հետո Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցվեց։

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը

Նոյեմբերին Զագրեբում ԵԺԿ համագումարին Սերժ Սարգսյանը քննադատել էր գործող իշխանությանը և ասել, որ հեղափոխության անվան տակ իշխանության եկածները 1.5 տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել։

«Դուք դա ելո՞ւյթ եք համարում. ես արդեն գնահատական տվեցի դրան»,–ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Սարգսյանի դեմ հարուցված քրգործին` Փաշինյանը նշեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ` Հայաստանում կոռումպացված համակարգը երկար տարիներ գործել է Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ Վարչապետն ասաց, որ իրականում գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարից և այդ մասին հայտնել է նաև իրավապահներին։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 4–ին մեղադրանք առաջադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ այդ մեղադրանքի` Սարգսյանի կազմակերպմամբ` մի խումբ պաշտոնյաներ պետությունից հափշտակել են 489.160.310 ՀՀ դրամ։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն` ընդունո՞ւմ են Սերժ Սարգսյանի ժառանգությունը