Բեռների առաքման նորագույն տարբերակ. Անանյանը խոսել է մաքսային հսկողության թվայնացման մասին

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել է մաքսային վերահսկողության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման դրական կողմերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Մաքսային ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա հսկել ապրանքի հոսքը։ Այս մասին այսօր Միջսահմանային համագործակցության համար թվային լուծումներին նվիրված համաժողովի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով` ապրանքի տեղափոխման ժամանակ միջսահմանային հսկողության արդյունավետությունը միշտ առաջնային խնդիր է եղել պետությունների համար, Հայաստանը ևս բացառություն չէ։

Ավտոկրող տրեյլերով ներմուծվող մեքենաների մաքսային ձևակերպումները կիրականացվեն Գյումրիում

«Հայաստանը միջսահմանային հսկողության մասին պայմանագրեր ունի Վրաստանի և Իրանի հետ։ Դրանք կօգնեն երկրներին արագ տեղեկություններ փոխանակել բեռների տեղափոխման վերաբերյալ», – ասաց Անանյանը։

Այլ կերպ ասած` հայ մաքսավորներն ապրանքների մասին տեղեկություն կունենան դեռ մինչ դրանց մաքսակետ հասնելը։ ՊԵԿ ղեկավարը սա միջսահմանային հսկողության առումով մեծ ձեռքբերում է համարում։

Հայաստանը նման համաձայնագրեր ունի ոչ միայն երկու հարևանների, այլև ԵԱՏՄ երկրների հետ։ Այդ համաձայնագրերի շրջանակում նախատեսվում է զարգացնել թվային տեխնոլոգիաներն ու տեղեկություն փոխանակել։

Երևանի Արարատյան ավտոմաքսատանը մեքենաների անշլագ է. տեսանյութ

«Կարևոր է, որ մենք համահունչ լինենք թվային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումներին», – կարծում է Անանյանը։

ՊԵԿ ղեկավարի խոսքով` թվային տեխնոլոգիաները կարևոր են նաև պետհաստատությունների արդյունավետության բարձրացման առումով։ Նա կարծում է, որ «մեկ պատուհանի» սկզբունքը անհրաժեշտ է կիրառել հնարավորինս շատ պետական հաստատությունների աշխատանքում։

Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում