Վրաստանը մտափոխվեց, կամ ինչու հետաձգեցին ցորենը բեռնատարներով Հայաստան բերելու արգելքը

Վրաստանը որոշել էր արգելել հացահատիկի տեղափոխումը ավտոտրանսպորտով, այժմ այդ արգելքը հետաձգել է մեկ տարով։ Երևի պատճառները շատ են։ Թերևս դեր ունեցան նաև վրացի բեռնափոխադրողները, որոնք սպառնացին կաթվածահար անել երկիրը։ Սակայն, բնականաբար, պատճառը մեկը չէ։
Sputnik

Հազիվ թե որևէ մեկը մեզ ասի, թե ինչու Վրաստանի կառավարությունը կասեցրեց հացահատիկը մեծ բեռնատարներով տեղափոխելու արգելքը։ Ստիպված կլինենք նման իրավիճակների համար սովորականի պես վերլուծել անուղղակի ստացվող տեղեկությունը կամ հղում անել անանուն աղբյուրների, եթե, իհարկե, այդպիսիք կան։

Նոր որոշում. Վրաստանը ցորեն ու ալյուր ներմուծելու և արտահանելու արգելքը հետաձգեց 1 տարով

Առաջարկվող լոգիստիկ փոփոխությունները` հացահատիկը ծովով և երկաթուղով տեղափոխելը, Հայաստանում անխուսափելիորեն կհանգեցնի բեռի թանկացման։ Երկաթուղով տեղափոխելու դեպքում նշված անհավանական 52%-ի զեղչն իրավիճակը չէր փրկի. տնտեսական պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ամեն դեպքում ավելի թանկ էր լինելու։

Եթե հարցը դիտարկենք ընդհանուր առմամբ, ապա դա ուղղված չէ Հայաստանի դեմ. չէ՞ որ արգելքը, բացի մեր երկրից, վերաբերում էր նաև մյուս երկրներին, բայց գործնականում այդ ճանապարհից օգտվում ենք միայն մենք։ Եվ ահա ակնհայտ է դառնում վրացական իշխանությունների կամա թե ակամա ոչ բարեկամական քայլը. նրանք չէին կարող չիմանալ այդ մասին։

Պաշտոնական պարզաբանումները որևէ քննադատության չեն ենթարկվում. իբր հսկիչ անցակետում հերթեր են գոյանում բեռնատարների պատճառով, իսկ բեռներով լցված մեքենաները փչացնում են ճանապարհները։ Հերթերից ազատվելու համար տասնյակ տարբերակներ կան` համապատասխան ծառայությունների օպտիմիզացիայից մինչև մաքսակետում հատուկ ցորենով բեռնված մեքենաների համար նախատեսված «դարպասների» կառուցում։ Իսկ ճանապարհների որակի հետ կապված պետք է նշել, որ վրացական մայրուղով միայն ցորենով լցված բեռնատարներ չեն շրջում, տեղափոխվում է հնարավոր ամեն ինչ, օրինակ` շինանյութ կամ վառելիք։

Վրաստանը կշրջափակենք. ի՞նչ են պահանջում Թբիլիսիում ցույցեր անող ցորեն ներկրողները

Երբ Վրաստանը որոշեց արգելել ցորենի տեղափոխումը բեռնատարներով, բեռնափոխադրողները բողոքի ալիք բարձրացրին։ Եվ եթե Թբիլիսիում բողոքող հայ վարորդներին կարողացան շատ հեշտությամբ անտեսել, ապա սեփականների դեպքում չստացվեց։ Թեև, իհարկե, վարորդների բողոքները չէին կարող որոշիչ փաստարկ դառնալ արգելքը սկզբում կես ամսով, հետո մինչև տարեվերջ, իսկ վերջում մեկ տարով հետաձգելու համար։

Վրաստանի վարչապետի երևանյան այցի ժամանակ թեման, անկասկած, շոշափվել է, և քննարկումներն իրենց դերն են ունեցել։ Այնուհետև հերթը հասավ, այսպես կոչված «հաշտեցման վերջնական ակտին», որն արտահայտվեց Վրաստանում հավատարմագրված դեսպանների հայաստանյան այցով. Վրաստանում առաքելություն իրականացնող եվրոպացի դեսպաններին, Իրանի դեսպանին և մյուսներին Հայաստանում դիմավորեցին ամենաբարձր մակարդակով։ Այստեղ արդեն կարևոր էր ոչ միայն ցորենի տեղափոխումը, այլ Երևանի և Թբիլիսիի մերձեցումը միջազգային քաղաքականության ձևաչափում։

Բացի այդ, Վրաստանի այդ քայլը կարող էր (և դեռ կարող է, եթե արգելքը չհանվի վերջնականապես) բացասաբար անդրադառնալ նաև Թբիլիսիի վրա, և այդ բացասական հետևանքները կարող էին շատ ավելի մեծ լինել, քան այն եկամուտները, որոնք հնարավոր կլիներ ավելացնել ծովային և երկաթուղային ճանապարհների միջոցով։ Խոսքը, բնականաբար, ոչ թե Հայաստանի հակաակցիաների մասին է, այլ խնդրի հոգեբանական կողմի։

Հարությունյան. «Ցորենի խնդիրը լուծելու լավագույն տարբերակը տեղական արտադրությունն է»

Հայտնի է, որ Թուրքիան և Ադրբեջանը խոր արմատներ են գցել Վրաստանում ներդրումների և ֆինանսների առումով` ստանալով ներդրումներին հավասարազոր ազդեցություն։ Ակնհայտ է, որ արգելքի մասին որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել նաև թուրք-ադրբեջանական լոբբինգը։ Սակայն արգելքն ընդունելը Թբիլիսիի համար այդ երկրների ազդեցությունների բարձրացում կնշանակեր, իսկ դա, իհարկե, Վրաստանի վերնախավի համար անցանկալի սահմանափակում է։

Հայաստանի շրջափակմանը փաստացի աջակցելը կարող էր բումերանգի ազդեցություն ունենալ և կնշանակեր Վրաստանի մասնակի շրջափակման բանալիները հանձնել վերոնշյալ երկու երկրներին։ Բնականաբար, ոչ ոքին դուր չի գա այլ երկրներից ռազմավարական հարցերում կախվածություն ունենալը, եթե առավել ևս, այդ երկրների նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը, մեղմ ասած, զգուշավոր է։

Ըստ ամենայնի, մինչև տարեվերջ դեռ կարելի է առաջացած խնդրի հարցում որոշակի լուծումներ ակնկալել։ Լուծումը կարող է տարբեր լինել` արգելքի չեղարկում, իրավիճակը մեղմացնող որոշակի միջանկյալ քայլեր։ Իհարկե, բանակցություններ էլ կլինեն։

Կարող է լինել նաև այնպես, որ արգելքը կրկին հետաձգեն, օրինակ` ևս կես տարով։ Սակայն այդ դեպքում պարզ կդառնա, որ այն արդեն հազիվ թե երբևիցե կյանքի կոչվի։ Կապրենք, կտեսնենք։