Բռնապետության վտանգ, պետության հիմքի խարխլում. իրավագետը՝ ՀՀ Սահմանադրության նախագծի մասին

Իրավագետ Վարդան Պողոսյանը Sputnik Արմենիայում
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Վարդան Պողոսյանի կարծիքով` միայն «բարեվարքության ստուգման» մասին դրույթը կարող է ոչնչացնել անկախ դատական համակարգը։ Նրա խոսքով` Սահմանադրության նոր նախագիծը, որը որևէ լուրջ սահմանադրական պահանջ չի բավարարում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը կարող է ճանապարհ հարթել բռնապետության հաստատման համար և միաժամանակ խարխլել Հայաստանի Հանրապետության լեգիտիմության հիմքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գործող Սահմանադրության հեղինակներից մեկը՝ իրավագետ Վարդան Պողոսյանը։ Նախատեսված փոփոխությունները, ըստ Պողոսյանի, կարող են հանգեցնել դատական իշխանության անկախության վերացմանը և այն ամբողջությամբ ենթարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկողությանը։
Նշենք, որ այսօր հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը, որում հղում չկա Հայաստանի Անկախության հռչակագրին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կապահովի երկրի կենսունակությունը աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Փաշինյանի կարծիքով` Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ–ին սպառնում են պատերազմով։
«Անկախության հռչակագրին հղման բացակայությունն անակնկալ չէր, ինձ համար անակնկալ է այս դիկտատորական Սահմանադրության նախագիծը, որն ըստ էության դատական իշխանությունը վերացնում է և դարձնում գործադիր իշխանության կամակատարը՝ առնվազն հինգ տարիների ընթացքում։ Հիմնական իրավունքների գլխում աննախադեպ նահանջներ կան, նաև օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից՝ անփութություն։ Մենք ունենք Սահմանադրության նախագիծ, որը որևէ լուրջ սահմանադրական պահանջ չի բավարարում»,– ասաց Պողոսյանը։
Բոլոր դատավորները՝ 5 հոգանոց հանձնաժողովի վերահսկողության ներքո
Սահմանադրագետի գնահատմամբ՝ դատական իշխանության համար ամենավտանգավոր դրույթներից մեկը դատավորների գործունեության վերագնահատման մեխանիզմն է։ Նա բացատրեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել 5 անդամից բաղկացած հանձնաժողով, որն առանց բացառության պետք է ուսումնասիրի բոլոր դատավորների գործունեությունը՝ նրանց պաշտոնավարման սկզբից, և գնահատի՝ արդյոք նրանք կարող են շարունակել պաշտոնավարել։
«Բոլոր դատավորները դրվում են դամոկլյան սրի տակ, և իրենք բնականաբար այդ հինգ տարվա ընթացքում, դառնալով ԺՊ դատավորներ, էլ ավելի պետք է կամակատար լինեն, որպեսզի կարողանան իրենց պաշտոնները պահպանել։ Միայն այդ դրույթի առկայությունն արդեն իսկ անթաքույց ցույց է տալիս, թե ինչ է ցանկանում անել Նիկոլ Փաշինյանը»,– ընդգծեց նա։
Պողոսյանն ուշադրություն հրավիրեց նաև հանձնաժողովի ձևավորման կարգին։ Հինգ անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։ Թեկնածուներին առաջադրելու են ՀՀ նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը և կառավարությունը։
Սահմանադրագետի կարծիքով՝ նման մեխանիզմը չի ապահովում հանձնաժողովի անկախությունը քաղաքական մեծամասնությունից։ Նա հատկապես խնդրահարույց համարեց այն, որ անդամների ընտրության համար բարձր քվորում չի նախատեսվում։
«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վերացնում է դատական իշխանությունը և ամրագրում է իր կուսակցական մարմնի կամ իր անձնական վերահսկողությունն ամբողջ դատական համակարգի նկատմամբ։ Եվ դա անում է արդեն Սահմանադրության մակարդակով»,– հայտարարեց Պողոսյանը՝ շեշտելով, որ խոսքը նախագծի ընդունման դեպքում առաջացող հետևանքների մասին է։
«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վերացնում է դատական իշխանությունը և ամրագրում է իր կուսակցական մարմնի կամ իր անձնական վերահսկողությունն ամբողջ դատական համակարգի նկատմամբ։ Եվ դա անում է արդեն Սահմանադրության մակարդակով»,– հայտարարեց Պողոսյանը՝ շեշտելով, որ խոսքը նախագծի ընդունման դեպքում առաջացող հետևանքների մասին է։
Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մեխանիզմները
Պողոսյանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կարգին։ Նրա հիշեցրեց, որ գործող կարգավորմամբ ՍԴ դատավորներն ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, մինչդեռ նոր նախագծով նախատեսվում է երկրորդ փուլում նրանց ընտրել պարզ մեծամասնությամբ, եթե առաջին փուլում անհրաժեշտ ձայները չեն հավաքվում։
«Այս փոփոխությունը կնվազեցնի դատավորների ընտրության գործընթացում քաղաքական համաձայնության անհրաժեշտությունը և իշխող ուժին հնարավորություն կտա որոշումն ընդունել առանց ընդդիմության աջակցության»,– շարունակեց նա։
Պողոսյանն ընդգծեց, որ առավել էական փոփոխություն է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման հարցում։ Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ 10 անդամից 5–ին ընտրում են դատավորները, իսկ մյուս 5–ին՝ Ազգային ժողովը։
«Նոր նախագծով առաջարկվում է բոլոր տասը անդամների ընտրությունը վերապահել խորհրդարանին։ Այսպիսով դատավորները զրկվում են դատական իշխանության կառավարման մարմնի ձևավորմանն անմիջական մասնակցելու ներկայիս հնարավորությունից»,– ասաց Պողոսյանը։
«Նոր նախագծով առաջարկվում է բոլոր տասը անդամների ընտրությունը վերապահել խորհրդարանին։ Այսպիսով դատավորները զրկվում են դատական իշխանության կառավարման մարմնի ձևավորմանն անմիջական մասնակցելու ներկայիս հնարավորությունից»,– ասաց Պողոսյանը։
Կուսակցությունների գործունեության արգելման վտանգ
Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների գործունեությունը սահմանափակելու հնարավորությանը՝ Պողոսյանը նշեց, որ նախագիծն ուղղակիորեն նման լիազորություն չի վերապահում իշխանությանը։ Սակայն նրա կարծիքով՝ դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատումը կարող է անուղղակիորեն նման հնարավորություն ստեղծել։
«Եթե դատական իշխանությունն է վերջնականում որոշում կուսակցությունների արգելքի հետ կապված հարցերը, իսկ դատական իշխանությունն արդեն Սահմանադրությանը համապատասխան ուղղակիորեն գտնվելու է իրենց վերահսկողության տակ, ապա, բնականաբար, ցանկացած կուսակցության կարող են հանգիստ արգելել գործել»,– նշեց սահմանադրագետը։
Գործ ունենք Ալիևի և Փաշինյանի Սահմանադրության հետ
Չնայած դատական համակարգի վերաբերյալ իր քննադատությանը՝ Պողոսյանը նոր Սահմանադրության նախագծի ամենակարևոր քաղաքական փոփոխությունը համարեց նախաբանից Անկախության հռչակագրի հղման հեռացումը։ Նրա համոզմամբ՝ այդ որոշումը պայմանավորված է Ադրբեջանի պահանջներով, իսկ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը հարևան պետության հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման դարձնելն անընդունելի է։«Իրականում մենք գործ ունենք Ալիևի և Փաշինյանի Սահմանադրության հետ։ Ալիևի Սահմանադրության հետ՝ այն առումով, որ Հայաստանի Սահմանադրության նախագիծը կատարում է Ալիևի ամենագլխավոր պահանջը՝ մեր երկրի անկախության հիմնասյունը հանելու առումով, և Փաշինյանի Սահմանադրության, որն ըստ էության իր դիկտատորական կառավարումը հիմա դարձնում է Սահմանադրությանը համապատասխանող կառավարում»,– ընդգծեց Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ գործող Սահմանադրության նախաբանը հղում է կատարում Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին։ Սահմանադրագետի դիտարկմամբ՝ հռչակագիրը Հայաստանի անկախ պետականության հիմնադիր փաստաթուղթն է, և դրան հղումը հեռացնելը կարող է հարցեր առաջացնել Հայաստանի պետականության պատմաիրավական շարունակականության վերաբերյալ։ Այս համատեքստում նա առանձնացրեց նոր նախագծի առաջին հոդվածը, որտեղ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ինչպես նաև սահմանվում են պետության հիմնադրման նպատակները։
«Այսինքն՝ այս Սահմանադրության ընդունմա՞մբ ենք մենք հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը։ Բա հարց է առաջանում` դրանից առաջ ի՞նչ է եղել»,– հարց է բարձրացրեց Պողոսյանը։
Սահմանադրագետի մեկնաբանությամբ՝ նման ձևակերպումը կարող է տպավորություն ստեղծել, թե նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը նորից է հիմնադրվում՝ անկախության հռչակմամբ ձևավորված պետականության շարունակականությունն ընդգծելու փոխարեն։ Պողոսյանը դա կապեց նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն գնահատականների հետ, որոնցում վարչապետը 1990 թվականին ձևավորված հանրապետությունը բնութագրել է որպես կոնֆլիկտային։
Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող փոփոխությունը
Նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կարգավորմանը սահմանադրագետը համեմատաբար փոքր նշանակություն է տվել։
Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ մի նրբերանգ կա` ամրագրված է, որ Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»։ Գործող Մայր օրենքի հետ տարբերությունն այն է, որ այնտեղ նշված է՝ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։
Պողոսյանը բացատրեց, որ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորել օրենքով՝ դա թողնելով Ազգային ժողովի հայեցողությանը, մինչդեռ նոր նախագծով նման օրենսդրական կարգավորումը պարտադիր է դառնում։
«Դա շատ էական չէ։ Ըստ էության դարձրել են պարտադիր, որ դա օրենքով պետք է կարգավորվի։ Այսօրվա Սահմանադրությունը ֆակուլտատիվ էր դա նախատեսում, այսինքն՝ Ազգային ժողովի հայեցողությունն էր՝ օրենքով կարգավորելու, թե չկարգավորելու»,– պարզաբանեց Պողոսյանը։
Միևնույն ժամանակ հավելեց, որ «Հայաստանի հանրապետության և հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2006 թվականին, հետևաբար, այդ փոփոխությունն ինքնին նոր իրավական իրավիճակ չի ստեղծում։