Փաշինյանի ընտրած ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Զուրաբյանը բացատրում է` ինչու

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ` եթե Փաշինյանը հիմա ասում է մեր ժողովրդին, որ էլի կա հարց, որի չլուծվածությունը կարող է բերել պատերազմի, դա նշանակում է, որ ինքն անձամբ հերքում է իր ամենամեծ սուտը, թե խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա հաստատված է խաղաղություն, ամենամեծ ստերից մեկն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով Տիգրանաշենի մասին Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։
Սեպտեմբերի 11-ին, կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, Փաշինյանն ասել էր, որ Տիգրանաշենը, որն ինքն ադրբեջանական տեղանունով կոչում է «Քյարքի», Հայաստանի մաս չէ, ու մյուս անկլավների հետ միասին չի մտնում 29 743 կմ2 տարածքի մեջ։ Նշել էր, թե իբր ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։
«Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա բացատրում է մեր ժողովրդին, որ էլի կա հարց, որի չլուծվածությունը կարող է բերել պատերազմի։ Դա նշանակում է, որ ինքն անձամբ հերքում է իր ամենամեծ սուտն ու միֆը, որը իրեն բավականին ձայներ է ապահովել վերջին ընտրությունների ժամանակ։ Որովհետև մեր ժողովրդի բավականին նշանակալից հատվածը հավատացել է, որ Փաշինյանը խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ»,– ասում է Զուրաբյանը։
Նշում է, որ Հայաստանը պետք է որդեգրի մի գիծ, ըստ որի ստատուս քվոն, որ հիմա կա դե ֆակտո պիտի դառնա դե յուրե ամրապնդված իրավիճակ։ «Փոխադարձ ընդունել, որ անկլավների հարցը չեն բարձրացնում, մնում է այնպես, ինչպիս հիմա կա»,– ասում է Զուրաբյանը` հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ առաջարկել այդ տարբերակը, քանի որ ադրբեջանական, այսպես կոչված, անկլավների տարածքային մակերեսի գումարը կազմում է 42 կմ, իսկ Արծվաշենը 38 կմ է։ Զուրաբյանի գնահատմամբ` քանի որ տարածքները գրեթե նույնական են, ստացում է տարածքային հավասարազոր փոխանակում։
«Սա պիտի լիներ մեր ու այսօրվա կառավարության դիրքորոշումը։ Իսկ ռազմավարական տեսանկյունից, եթե չպահպանվի այսօրվա տարածքային վիճակը, դա մեզ համար պիտի լինի անընդունելի, որովհետև այդ դեպքում Ադրբեջանը ձեռք է բերում ոչ միայն տարածքներ, որոնք տեղադրված են մեր ամենաստրատեգիական ճանապարհների վրա, այլ նաև այդ անկլավների ստեղծումը կբերի նրան, որ Հայաստանի տարածքում կտեղակայվեն ադրբեջանական զորքեր և հայկական անկլավում` Ադրբեջանի տարածքում, պետք է տեղակայվեն հայկական զորքեր։ Դա էլ կստեղծի պրոբլեմներ` վիզաների, մաքսային ձևակերումների և այլն»,– ասում է ՀԱԿ փոխնախագահը` հավելելով, որ նման իրավիճակը հեշտությամբ կարող է վերածվել լարվածության աղբյուրի և հանգեցնել պատերազմի։
Զուրաբյանի համոզմամբ` խաղաղության տանող իրական ճանապարհը, հակառակ Նիկոլ Փաշինյանի պնդումների, ոչ թե փոխանակումը կամ զիջումն է, այլ ստատուս քվոյի պահպանումը` դրա իրավական ձևակերպմամբ։
«Այն ճանապարհը, որը Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս, որի շնորհիվ մենք, իբր, կխուսափենք պատերազմից, իրականում տանում է դեպի պատերազմ։ Եթե դա տեղի ունենա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում փոխադարձաբար բնակչությունը տեղափոխվի, զորքեր տեղակայվեն, այ դա ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ»,– շեշտում է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 10-ին մեկնել էր Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Տիգրանաշենից հայտարարում էր, որ իրենք զրուցել են գյուղի բնակիչների հետ ու պարզել՝ նրանք չեն ցանկանում լքել իրենց տները։ Նրանք նաև դժգոհել են, որ գյուղը բարձիթողի վիճակում է, ծրագրեր այնտեղ չեն իրականացվել։ «Ուժեղ Հայաստանը» առաջարկել է զարգացնել գյուղը՝ զբոսաշրջային և գինեգործության բնագավառներով։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ ու յուրաքանչյուր անգամ այդ բնակավայրի ոչ հայկական անվանումն է օգտագործում։
Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։ Այս ճանապարհով մի շարք բեռներ են անցնում տարեկան՝ Իրանից դեպի ՀՀ տարբեր մարզեր ապրանք փոխադրելու համար։
Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։ Այս ճանապարհով մի շարք բեռներ են անցնում տարեկան՝ Իրանից դեպի ՀՀ տարբեր մարզեր ապրանք փոխադրելու համար։