Նախապես եմ խոսում, որ էսկալացիա չձևավորվի․ Փաշինյանը` Տիգրանաշենի մասին
13:12 11.09.2026 (Թարմացված է: 14:29 11.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ում կլինի Տիգրանաշեն բնակավայր, ուղղակի դեռ պետք է հասկանալ վայրը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա ու չի էլ եղել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը մինչ բուն թեմային անցնելը հերթական անգամ Տիգրանաշենն անվանեց ադրբեջանական տեղանունով՝ «Քյարքի», ու պնդեց, որ այն Հայաստանի մաս չէ ու մյուս անկլավների հետ միասին չի մտնում 29 743 կմ2 տարածքի մեջ։
«Ովքեր ասում են, որ թույլ չեն տալու (Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին-խմբ․), նրանք պատերազմ են հրահրում։ Երկրորդ հարցն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը։ Փաստի արձանագրումը մի բան է, իսկ գետնի վրա լուծումները՝ այլ։ Այս պահին չկա ու չի եղել որևէ պայմանավորվածություն։ Հիմա մեր խնդիրն է այս հարցի շուրջ ստեղծված «նյարդը» վերացնել՝ նորմալ լուծումներ ստանալու համար։ Տեսնում եմ, որ սա հարց է, որի շուրջ կարող է էսկալացիա ձևավորվել, բայց խոսում եմ այս մասին նախապես, որպեսզի չկարողանան»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջում էլ ընդգծեց՝ իրենց կառավարության դիրքորոշումն է՝ Արարատի մարզում Տիգրանաշեն բնակավայր եղել է ու կլինի, բայց ինչ սահմաններով և կոնկրետ որտեղ, դա այլ հարց է։
Նա շեշտեց, որ շատ դժվար է եղել ու դժվար էլ լինելու է սահմանազատման գործընթացը և այն ավարտին հասցնելը։ Վստահեցրեց, թե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29 743 կմ2 տարածքը՝ այդպես էլ հստակ չպատասխանելով՝ արդյոք անձամբ Իլհամ Ալիևն էլ է ճանաչում այդ տարածքը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 10-ին մեկնել էր Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Տիգրանաշենից հայտարարում էր, որ իրենք զրուցել են գյուղի բնակիչների հետ ու պարզել՝ նրանք չեն ցանկանում լքել իրենց տները։ Նրանք նաև դժգոհել են, որ գյուղը բարձիթողի վիճակում է, ծրագրեր այնտեղ չեն իրականացվել։ «Ուժեղ Հայաստանը» առաջարկել է զարգացնել գյուղը՝ զբոսաշրջային և գինեգործության բնագավառներով։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ ու յուրաքանչյուր անգամ այդ բնակավայրի ոչ հայկական անվանումն է օգտագործում։
Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։ Այս ճանապարհով մի շարք բեռներ են անցնում տարեկան՝ Իրանից դեպի ՀՀ տարբեր մարզեր ապրանք փոխադրելու համար։
Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։ Այս ճանապարհով մի շարք բեռներ են անցնում տարեկան՝ Իրանից դեպի ՀՀ տարբեր մարզեր ապրանք փոխադրելու համար։