Ի՞նչ ստացավ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. քաղաքագետը` գործընթացի մասին

© Sputnik
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով՝ Իրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շուրջ արձագանքների տարբերությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի և սփյուռքի միջև որոշակի ջրբաժան կա։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը միայն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջամտությամբ բացատրելը ճիշտ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց APRI Armenia վերլուծական կենտրոնի քաղաքագետ և հետազոտող Սերգեյ Մելքոնյանը՝ գործընթացի ձախողման պատճառների թվում առանձնացնելով նաև Հայաստանից հնչած ոչ միանշանակ արձագանքը։
Ավելի վաղ իսրայելական «Հաարեց» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հաջիևի զանգից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետագա քննարկումը Քնեսեթում։
«Հաջիևի ենթադրյալ զանգը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ, սակայն գործընթացի կասեցումը պետք է դիտարկել ավելի լայն քաղաքական համատեքստում։ Իսրայելական կողմի հաշվարկները չեն արդարացել ո՛չ Թուրքիայի հետ հարաբերությունների, ո՛չ էլ Գազայի խնդրի տեսանկյունից։ Կարծում եմ՝ Իսրայելն այս որոշումից ոչինչ չստացավ։ Նման յուրաքանչյուր որոշում, ի վերջո, քաղաքական է։ Փոխարենը Իսրայելը վտանգի տակ դրեց Ադրբեջանի հետ ռազմավարական մակարդակի հարաբերությունները, որոնց նշանակությունն Իրանի դեմ այսօրվա հակամարտության համատեքստում գնալով աճում է»,– ասաց Մելքոնյանը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ հարցն այդպես էլ չի հասել Քնեսեթի քննարկմանն ու քվեարկությանը, հետևաբար գործընթացը մնացել է միայն կառավարության ընդունած որոշման մակարդակում։
«Կառավարության որոշումը փաստացի իրավական ուժ չունի։ Հետագայում կարող է մեկ այլ կառավարություն ձևավորվել և վերանայել այն»,– շարունակեց նա։
Անդրադառնալով Հայաստանի և սփյուռքի արձագանքներին՝ քաղաքագետը նկատեց, որ դրանք միատարր չեն եղել։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, ըստ նրա, զգալիորեն տարբերվել է սփյուռքի մի շարք կառույցների և գործիչների գնահատականներից։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Իսրայելի կառավարության որոշմանը, հայտարարել էր, որ դրա վերաբերյալ արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա նաև նշել էր, որ Հայոց ցեղասպանության «զենքայնացման» գործընթացի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից։
Մելքոնյանի խոսքով՝ սփյուռքում որոշումը հիմնականում ողջունել են, թեև այնտեղ նույնպես բացասական գնահատականներ են հնչել։ Քաղաքագետի կարծիքով՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ ճանաչման որոշման հիմնական հասցեատերը ոչ այնքան Հայաստանի Հանրապետությունն էր, որքան սփյուռքը։
«Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն այսօր հիմնականում սփյուռքում են ապրում։ Միաժամանակ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Հետևաբար պարզ չէ, թե Իսրայելում ինչ հաշվարկ ունեին, երբ ակնկալում էին, որ որոշումը Հայաստանում միանշանակ կողջունվի»,– ասաց Մելքոնյանը:
Նրա գնահատմամբ՝ արձագանքների տարբերությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի և սփյուռքի միջև որոշակի ջրբաժան կա։ Ըստ քաղաքագետի` փոխվում են նաև Հայաստանի ու սփյուռքի միջև հարաբերությունները, իսկ Իսրայելի որոշման շուրջ ստեղծված իրավիճակն այդ խնդիրների տեսանելի դրսևորումներից մեկն էր։
Մելքոնյանը չբացառեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարող է մնալ Իսրայելի քաղաքական գործիքակազմում և Թուրքիայի հետ հարաբերությունների հերթական սրման դեպքում կրկին հայտնվել օրակարգում։ Այդուհանդերձ, նրա խոսքով, այս հարցը ոչ միայն Իսրայելն է առաջնորդում սեփական շահերով։
«Եկեք անկեղծ խոսենք․ բոլոր պետությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում ընդունելիս առաջին հերթին ելնում են իրենց շահերից։ Կան նաև երկրներ, որոնք կախվածություն չունեն ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, և նրանց համար ճանաչման քաղաքական գինը շատ ցածր է։ Սակայն Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող պետությունների պարագայում նման յուրաքանչյուր որոշում քաղաքական բնույթ ունի»,– շարունակեց վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ Իսրայելի առանձնահատկությունն այն է, որ երկրի ներսում երկար տարիներ գործել են ուժեր, որոնք փորձել են թույլ չտալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ մղվի։ Ըստ նրա՝ մինչև 2010 թվականը հիմնական հակազդող կողմը Թուրքիան էր, իսկ դրանից հետո առավել ակտիվ դեր են ստանձնել Ադրբեջանն ու տարբեր ադրբեջանամետ խմբեր՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական հատվածներում։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Թուրքիան Ադրբեջանի միջոցով ճնշում է գործադրել Իսրայելի վրա, Մելքոնյանը նշեց, որ տվյալ դեպքում էական չէ՝ Բաքուն ինքնուրո՞ւյն է գործել, թե՞ Անկարայի խնդրանքով. երկու երկիրն էլ շահագրգռված էին, որ հարցը հանվի օրակարգից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետական մակարդակով մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, և դա պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններով։
«Դա կապված է նաև Հայաստանի և հայերի կերպարի դեմ Ադրբեջանի վարած քաղաքականության հետ։ Ադրբեջանի հիմնական թեզերից մեկն այն է, թե հայերն այդ տարածքներում երբևէ չեն ապրել։ Նրանք փորձում են գտնել յուրաքանչյուր հնարավորություն, որով կարող են թուլացնել հայկական դիրքերն արտերկրում»,– ասաց Մելքոնյանը։
Միաժամանակ նա չբացառեց, որ Թուրքիան կարող էր դիմել Ադրբեջանին՝ հաշվի առնելով Բաքվի և Թել Ավիվի սերտ հարաբերությունները։ Քաղաքագետը հիշեցրեց, որ ժամանակին հենց Թուրքիան է կարևոր դեր ունեցել իսրայելաադրբեջանական հարաբերությունների ձևավորման գործում։